ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
««Հանուն Հանրապետության» կուսակցությունը հաստատապես մասնակցելու է տեղական ընտրություններին»․ Արման Բաբաջանյան
22:54, 23.10.2021 | mamul.am
2668 | 0

Նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Առաջիկա դեկտեմբերի 5-ին Հանուն Հանրապետության կուսակցությունը հաստատապես մասնակցելու է տեղական ընտրություններին:

ՏԻՄ ընտրությունն է թերևս հայաստանյան քաղաքական իրողությունների ճշգրիտ պատկերը տվող «ռենտգենը»:
Հայաստանում տասնամյակներ շարունակ քաղաքականությունը եղել է գերկենտրոնացված: Խոսքն այն մասին չէ, որ քաղաքական ուժերը քիչ են գնացել մարզեր, համայնքներ, գյուղեր, ու քիչ են գնում: Կարող են գնալ ամեն օր, սակայն դրանից չի փոխվում համայնքներում քաղաքականության «հյուրի» կարգավիճակը: Մինչդեռ, հենց կարգավիճակն է բուն հարցը, այլ ոչ թե հյուր լինելու ժամկետը՝ երկար, թե կարճ:
Քաղաքականությունը պետք է «բնակություն» հաստատի նաև մարզերում, համայնքներում, և օրգանական հաղորդակցության մեջ լինի Երևանում հաստատված համապետական քաղաքականության հետ: Եթե քաղաքական ուժերը իրենց գործունեության ծիրում չեն կարողանում ապահովել քաղաքական ուժ ասվածի, քաղաքական ինստիտուտ ասվածի օրգանականությունը մարզային, համայնքային մակարդակի հետ, եթե նրանք իբրև քաղաքականության սուբյեկտ իրենց դիտարկում են «երևանցի ուժ», որը հոգատարությամբ մտածում է այն համայնքների մասին, որոնց «հյուր» է գնում երբեմն՝ հազվադեպ, թե հաճախ, հանրությունը համայնքներում ՏԻՄ մակարդակում գնահատելու է ոչ թե այդ ուժերին, այլ անձանց:
Կայացած քաղաքական համակարգով, կայացած ինստիտուտներով ու մշակույթով երկրներում ՏԻՄ մակարդակն ու համապետականը օրգանապես կապված են և հիմնարար է ընդհանուր արդյունքի համար այդ երկու մակարդակի պատճառահետևանքային կապը: Կապը անձերը չեն, որ կարող են ներկայացնել այս կամ այն կուսակցությունը:
Կապը կուսակցության գործունեությունն է, որ պետք է իբրև ապրող օրգանիզմ ծավալվի նաև ՏԻՄ մակարդակում, ընտրողի համարժեք ընկալմանն ու գնահատմանը արժանանալու համար: Իհարկե, դրա համար նաև անհրաժեշտ են ռեսուրսներ, և անկասկած է, որ քաղաքականությունը չի կարող կենսունակ ու մրցունակ լինել առանց սոցիալ-տնտեսական բազայի:
Բայց նաև այստեղ է մի էական հանգամանք՝ տնտեսությունը հայաստանյան կուսակցական կյանքում արժանանում է նվազ ուշադրության, որովհետև իբրև թեմա շատ ավելի քիչ է ենթակա այսպես ասած հռետորական «արվեստի» և համեմատության մեջ պահանջում է 
մասնագիտական պատասխանատվություն:
Հայաստանում ապագան այն քաղաքական ուժերինն է, որոնք կկարողանան մշակել խորքային այդ խնդիրների համակարգային լուծումներ, որոնք կունենան դրա համբերատարությունը և հետևողականությունը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր