«Ժողովուրդ»-ը գրում է. «Կորոնավարակի դեմ պատվաստվել չցանկացող մեր հայրենակիցների համար, կարծես թե, գալիս է ամենատհաճ պահերից մեկը. հազարավոր մարդիկ չեն կարողանա Հայաստանից դեպի Ռուսաստան գնալ՝ առանց պատվաստված լինելը հավաստող սերտիֆիկատի: Երեկ առողջապահության ոլորտի մեր աղբյուրներից նման վերլուծություն ու տեսակետ հայտնեցին: Որպես ասածի վկայություն՝ նշվեց նաև այն, որ այս պահին Ռուսաստանը փաստացի «լոքդաունի» մեջ է մեկ շաբաթով, իսկ Մոսկվան անցնում է չորսամսյա հատուկ ռեժիմի: Նման իրավիճակի պատճառը կորոնավարակի տարածման ահագնացող չափերն ու գրանցված մահվան դեպքերի թիվն են: Ճշգրտման համար ասենք, որ խոսքը ոչ թե թեստ տալու և քովիդ վարակակիր չլինելը հավաստելու, այլ պատվաստված լինելու մասին է: Մեզ փոխանցեցին նաև, որ խնդիրներից մեկը շարունակում է մնալ պատվաստանյութի հետ կապված ՌԴ-Եվրոմիություն հակամարտությունը, ու որ ՌԴ-ն ընդունում է պատվաստանյութերի իր արտադրանքով պատվաստված լինելը, ինչպես նաև ԵՄ անդամ երկրները չեն ընդունում ՌԴ-ի արտադրանքի պատվաստանյութով պատվաստված լինելը՝ որպես հարցի վերջնական կարգավորում ու լուծում»: Մանրամասները՝ թերթի համարում:
|