ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Յուրի Մեդյանիկի և Դմիտրի Յաբլոնսկու ելույթները՝ «Արմենիա» փառատոնի շրջանակում
00:00, 28.10.2021 | mamul.am
2201 | 0

«Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ ունեցան թավջութակահար Դմիտրի Յաբլոնսկին եւ բանդոնեոնահար Յուրի Մեդյանիկը։ Դմիտրի Յաբլոնսկին նաեւ ղեկավարում էր երեկոն։ Ծրագրում հնչեցին Յոզեֆ Հայդնի Թավջութակի թիվ 2 կոնցերտը (մենակատար՝ Դմիտրի Յաբլոնսկի), Լյուդվիգ վան Բեթհովենի «Կորիոլան» նախերգանքը եւ Ալեքսեյ Շորի Carpe Diem-ը՝ գրված բայանի և սիմֆոնիկ նվագախմբի համար (մենակատար՝ Յուրի Մեդյանիկ)։

Յուրի Մեդյանիկը նշում է, որ Երեւանում եղել է ավելի քան 20 տարի առաջ եւ ուրախ էր ստանալ «Արմենիա» փառատոնին մասնակցության հրավեր։ «20 տարի անց բոլորովին այլ քաղաք եմ տեսնում։ Հայաստանի եւ հայկական մշակույթի հետ ինձ շատ բան է կապում։ Ես ավարտել եմ Մոսկվայի պետական կոնսերվատորիան, ասպիրանտուրան պրոֆեսոր Արա Բաղդանյանի մոտ։ Իմ կյանքի ընթացքում ինձ միշտ շրջապատում են մտավորական հայեր»,- ասում է երաժիշտը` ավելացնելով, որ մեծ հարգանք է տածում հայկական մշակույթի նկատմամբ եւ այն մարդկանց, որոնք այդ մշակույթի կրողներն են։

Յուրի Մեդյանիկը, խոսելով համերգային ծրագրի մասին, նշեց, որ երբ որոշվեց, որ պետք է կատարի Ալեքսեյ Շորի կոնցերտը, բանդոնեոնի համար գրված հատվածները փոխադրեց բայանի համար. «Եվ ես այդ կոնցերտը կատարելու եմ բայանով։ Իրականում երաժշտությունը դրանից չի տուժել, նույնիսկ նոր փոխադրմամբ կոնցերտը նոր երանգներ է ստացել։ Կարծում եմ՝ մոտ ապագայում բայանահարները կբացահայտեն այս կոնցերտն իրենց համար»։

Այսօր երեկոյան «Արմենիա» միջազգային փառատոնի շրջանակում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ եւ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ հանդես է գալու աշխարհում մեծ համբավ վայելող թավջութակահար Սթիվեն Իսերլիսը։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի եւ Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամի (EUFSC) կազմակերպած փառատոնի եզրափակիչ համերգը կկայանա հոկտեմբերի 29-ին, որի ընթացքում ելույթ կունենա աշխարհահռչակ դաշնակահար Միխայիլ Պլետնյովը։

Հիշեցնենք, որ «Արմենիա» միջազգային երաժշտական 5-րդ փառատոնը մեկնարկել էր սեպտեմբերի 29-ին՝ ներկայացնելով 12 սիմֆոնիկ և 5 կամերային համերգ՝ միջազգային ճանաչում վայելող 17 մենակատարների և 11 դիրիժորների մասնակցությամբ։

Յուրի Մեդյանիկի և Դմիտրի Յաբլոնսկու ելույթները՝ «Արմենիա» փառատոնի շրջանակում
Յուրի Մեդյանիկի և Դմիտրի Յաբլոնսկու ելույթները՝ «Արմենիա» փառատոնի շրջանակում
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր