ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Հայկական բժշկական ասոցիացիայի բաց նամակը՝ Գարեգին Բ և Արամ Ա կաթողիկոսներին
17:18, 03.11.2021 | mamul.am
5543 | 0

Հայկական բժշկական ասոցիացիան բաց նամակ է հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա. Կաթողիկոսին.

«Հայկական Բժշկական Ասոցիացիան մեր երկրի խոշորագույն բժշկական հասարակական կառույցն է, ներկայացնում է հազարավոր բժիշկների։ Նրանցից շատերն արդեն երկար ամիսներ ամեն օր պայքարում են կորոնավիրուսով վարակաված մեր հայրենակիցների կյանքի համար։ Նրանց շնորհիվ ապաքինվել են հարյուր հազարավոր հիվանդներ։ Ցավոք այս պայքարը միշտ չէ, որ պսակվում է հաջողությամբ, ունենք հազարավոր զոհեր, որոնց թիվն աճում է ամեն ժամ։ Մենք անպայման շարունակելու ենք մեր աշխատանքը և պայքարելու ենք յուրաքանչյուր կյանքի համար։ Բայց այսօր մենք ունենք Ձեր աջակցության կարիքը։

Ամբողջ աշխարհում կորոնավիրուսի դեմ պայքարի լավագույն միջոցը պատվաստումն է, որի շնորհիվ հնարավոր է նվազեցնել մահերի քանակը բազմակի անգամներ։ Ցավոք, Հայաստանում հակապատվաստումային շարժումը հաճախ ուղեկցվում է կեղծ ու շինծու կրոնական թեզերով, որոնք որևէ կապ չունեն մեր իրական հավատի հետ։ Ստեղծվում է արհեստական անվստահության միջավայր, որն էլ մեր հայրենակիցների շրջանում բերում է պատվաստումային գործընթացի դանդաղեցման։ Ցավոք հապաղումն այս պարագայում հաճախ հավասար է մահվան։

Խնդրում ենք Ձեզ, սատար կանգնել մեր առողջապահական համակարգին, օգտագործել Ձեր հեղիանակությունը, ժողովրդին հասցնել հայրապետական խոսքն ու հորդորել հայոց եկեղեցու հետևորդներին հնարավորինս կարճ ժամկետներում պատվաստվել։

Վստահ ենք, որ միասնական ջանքերով կկարողանանք հաղթահարել նաև այս արհավիրքը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր