Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Երևանում՝ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստի աշխատանքներին։ Նիստին մասնակցում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը և ԵԱՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարները` Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը, Բելառուսի Հանրապետության վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Ասկար Մամինը, Ղրղզստանի Հանրապետության վարչապետ Ակիլբեկ Ժապարովը։ Հայաստանի վարչապետը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է. «Ուրախ ենք՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը հյուրընկալելու հնարավորության համար։ Հարգելի գործընկերներ, ցավոք, այսօրվա հանդիպումն անցնում է մեր երկրի համար լարված իրավիճակում։ Չեմ կարող չնկատել, որ ինչպես մեկ տարի առաջ, երբ մենք հյուրընկալում էինք միջկառավարական խորհրդի հերթական նիստը, այնպես էլ այսօր Հայաստանը բախվում է իր անվտանգությանն սպառնացող լուրջ մարտահրավերների։ |