ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Տարածաշրջանում ուշագրավ ակտիվություն է ցուցաբերում Արաբական Միացյալ Էմիրությունները». արևելագետ
02:06, 27.11.2021 | mamul.am
4373 | 0

Արևելագետ Արմեն Պետրոսյանի գրառումը. «Տարածաշրջանում ուշագրավ ակտիվություն է ցուցաբերում Արաբական Միացյալ Էմիրությունները՝ վճռորոշ ազդեցություն ապահովելով միաժամանակ մի քանի հիմնախնդիրներում.
1. Չնայած արտաքուստ հարաբերությունների կարգավորման ֆոնին՝ կրկին սրվում է Արաբական Էմիրություններ-Կատար մրցակցությունը, որը դրսևորվում է միաժամանակ մի քանի ուղղություններում՝
ա) Նաև Կատար-Թուրքիա ռազմավարական նշանակության հարաբերությունների վրա ազդելու նպատակով Աբու Դաբին կարգավորում է Անկարայի հետ ունեցած խնդրահարույց հարաբերությունները՝ 10 մլրդ դոլարի ներդրումներ խոստանալով բավականաչափ բարդ վիճակում գտնվող Թուրքիայի համար։ Դրանով իսկ, փաստացի, ԱՄԷ-ն կարևոր փրկօղակի է վերածվում Ռ. Թ. Էրդողանի վարչակարգի արտաքին և ներքին արկածախնդիր քաղաքականության հետևանքով ճգնաժամային իրավիճակում հայտնված Թուրքիայի տնտեսության համար։
բ) ԱՄԷ-Կատար մրցակցությունը բավականաչափ բարձր ֆոն է ապահովում նաև Աֆղանստանում, որտեղ Աբու Դաբին փորձում է մեծացնել տնտեսական և քաղաքական ազդեցությունը տալիբների իշխանության վրա, ինչպես նաև հասնել Քաբուլի միջազգային օդանավակայանի գործունեության ապահովման հարցում առանցքային դերակատարման՝ որպես այլընտրանք Դոհային և Անկարային։
2. Առաջարկում է ԱՄԷ-Իրան-Թուրքիա ճանապարհային նոր մուլտիմոդալ փոխադրումների ձևաչափ՝ Պարսից ծոցից դեպի Միջերկրական և Սև ծովեր՝ որպես այլընտրանք Սուեզի ջրանցքին։
3. ԱՄԷ-ն ձգտում է վերածվել սիրիական հակամարտության շրջանակներում ներգրավված առանցքային արաբական դերակատարի՝ լրջագույն մանևրի հնարավորություն ստեղծելով Բաշար ալ-Ասադի վարչակարգի համար՝ Ռուսաստանի, Իրանի ազդեցությունից կախվածությունը թուլացնելու տեսանկյունից։
4. Իսրայելի հետ տասնամյակներ շարունակ բացակայած հարաբերությունների կարգավորումից հետո բազմոլորտ համագործակցություն է փորձում խթանել Թել Ավիվի հետ։
5. Շարունակում է ակտիվացնել ռազմավարական բնույթի համագործակցությունը նաև եվրոպական ուղղությամբ, հատկապես` Հունաստանի ու Ֆրանսիայի հետ՝ որպես կարևոր ուղղություն շեշտադրելով Արևելյան Միջերկրականում սահմանային վեճերում համընդհանուր համախոհությունը։
6. Քաղաքական և տնտեսական ոլորտներում ուշագրավ մրցակցություն է նկատվում արաբական աշխարհում առանցքային դաշնակիցներ ԱՄԷ-ի և Սաուդյան Արաբիայի միջև։
Հ.Գ. Վերոնշյալի համատեքստում, գուցե, հնարավոր լինի զգալի արդյունավետություն ապահովել Հայաստան-ԱՄԷ հարաբերություններին հայկական կողմի նախաձեռնությամբ առարկայական խթան հաղորդելու փորձով։ Այս տեսանկյունից կարելի է դիտարկել նաև ռազմավարական, տնտեսական, քաղաքական ուղղություններով բազմոլորտ առաջարկների փաթեթով որևէ բարձրաստիճան այցի կազմակերպումը դեպի Աբու Դաբի»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր