ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Ամերիաբանկը ներգրավել է 30 մլն ԱՄՆ դոլարի վարկ ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամից` ՀՀ-ում կայուն էներգետիկայի և ՓՄՁ ֆինանսավորման համար
20:06, 26.11.2021 | mamul.am
7642 | 1

Ամերիաբանկը և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամը (Նավթ արտադրող երկրների կազմակերպություն) ստորագրել են 30 մլն ԱՄՆ դոլարի երկարաժամկետ վարկային պայմանագիր՝ երկրում մասնավոր հատվածի զարգացմանն աջակցելու նպատակով:
Վարկի շուրջ 50 տոկոսն ուղղվելու է փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) ֆինանսավորմանը, ինչը հնարավորություն կտա վերջիններիս ստանալ անհրաժեշտ միջոցներ բիզնեսը զարգացնելու, նոր աշխատատեղեր ստեղծելու և գործունեությունը ընդլայնելու համար: Վարկային միջոցների մյուս մասն ուղղվելու է կանաչ ծրագրերի, մասնավորապես, էներգաարդյունավետության բարձրացմանն ու Հայաստանում ածխածնային արտանետումների կրճատմանը նպաստող ծրագրերի իրագործմանը:
ՕՊԵԿ միջազգային զարգացման Հիմնադրամի մասնավոր հատվածի և առևտրի ֆինանսավորման գործառնությունների գծով գլխավոր տնօրենի օգնական Թարեք Ալնասարի խոսքով. «Մենք ուրախ ենք շարունակել մեր համագործակցությունն Ամերիաբանկի հետ` Հայաստանում ՓՄՁ-ների ու էներգաարդյունավետ ծրագրերի ֆինանսավորման նոր գործիքների միջոցով, որոնք կօգնեն ապահովել ՓՄՁ-ներին շրջանառու կապիտալով, և կնպաստեն կայուն էներգետիկայի զարգացմանն ու տնտեսական դիմացկունությանը»:
Հիմնադրամը և Ամերիաբանկը համագործակցում են 2015 թվականից՝ նպաստելով Հայաստանի տնտեսության զարգացմանը ՓՄՁ և առևտրի ֆինանսավորման ուղղություններով։ Մասնավորապես, կնքված առաջին պայմանագրի շրջանակներում (20 մլն ԱՄՆ դոլար) վարկային միջոցներն ուղղվել են տնտեսության տարբեր ոլորտներում, այդ թվում` մեծածախ առևտրի, արտադրության, սննդի արդյունաբերության և հյուրանոցների ոլորտներում գործող փոքր և միջին ձեռնարկություններին (ՓՄՁ): Երկրորդ վարկը (25 մլն ԱՄՆ դոլար), որը տրամադրվել է հիմնադրամի առևտրի ֆինանսավորման գործառնությունների շրջանակում, նպաստեց Ամերիաբանկի միջազգային առևտրային պորտֆելի ընդլայնմանը: Նշված երկու վարկային պայմանագրերի շրջանակներում Հայաստանում ֆինանսավորում է ստացել ավելի քան 130 ձեռնարկություն:

Ամերիաբանկի Տնօրինության նախագահ-գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանն իր խոսքում նշեց . «Ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամին մեր երկարամյա արդյունավետ համագործակցության համար։ ՓՄՁ ֆինանսավորումը մեր ռազմավարական նպատակներից մեկն է, և մենք ուրախ ենք կրկին միավորել ջանքերը մեր հաճախորդներին երկարաժամկետ ֆինանսավորում առաջարկելու համար: Հավատարիմ մնալով մեր կանաչ ռազմավարության ծրագրերին` ֆինանսական միջոցները հիմնականում ուղղվելու են էներգաարդյունավետ ծրագրերի իրականացմանը»:
Նշենք նաև, որ Ամերիաբանկը 2009 թվականից ի վեր ֆինանսավորել է ավելի քան 250 մլն ԱՄՆ դոլարի նախագծեր վերականգնվող էներգետիկայի ոլորտում: OPEC-ի հիմնադրամի մասին ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամը համաշխարհային մանդատ ունեցող զարգացման միակ հաստատությունն է, որն անդամ երկրների միջոցներից ֆինանսավորում է բացառապես ոչ անդամ երկրներին: Հիմնադրամը համագործակցում է զարգացող երկրների և միջազգային գործընկերների հետ` միջին և ցածր եկամուտ ունեցող երկրներում տնտեսական և սոցիալական աճը խթանելու նպատակով: ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամն ստեղծվել է ՕՊԵԿ-ի անդամ երկրների կողմից 1976 թվականին հստակ նպատակով` խթանել զարգացումը, ամրապնդել համայնքները և հզորացնել մարդկանց: Մեր աշխատանքը մարդակենտրոն է՝ ուղղվելով այնպիսի ծրագրերի, որոնք բավարարում են հիմնական կարիքները, ինչպիսիք են սնունդը, էներգիան, ենթակառուցվածքները, զբաղվածությունը (հատկապես միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների շրջանում), մաքուր ջուրը և սանիտարահիգիենիկ պայմանները, առողջապահությունը և կրթությունը: Մինչ օրս ՕՊԵԿ-ի հիմնադրամն ավելի քան 22 մլրդ ԱՄՆ դոլար է հատկացրել ավելի քան 125 երկրներում իրականացվող զարգացման նախագծերի համար, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 187 մլրդ ԱՄՆ դոլար: Մեր տեսլականն այնպիսի աշխարհ է, որտեղ կայուն զարգացումն իրականություն է բոլորի համար:
«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրում թվայնացման ուղղությամբ զարգացող ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքը: Լինելով Հայաստանում առաջին ներդրումային բանկը` Ամերիաբանկն ունիվերսալ բանկ է, որը մատուցում է նորարարական կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայությունների ամբողջական փաթեթ: Ամերիաբանկը Հայաստանի առաջատար բանկն է ըստ 2021թ.3-րդ եռամսյակի արդյունքների բոլոր հիմնական ֆինանսական ցուցանիշների (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել, զուտ շահույթ և կապիտալ): Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www.ameriabank.am:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր