ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +26 °C Վաղը`+27 °C
«Էս երկիրը տղամարդիկ են քանդում»․ Դավիթ Գրիգորյան
00:00, 28.11.2021 | mamul.am
7243 | 2

Հեռուստամեկնաբան, լրագրող Դավիթ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՎԵ՛ՐՋ
Հերի՛ք է։ Հոգնել եմ։ Հռոմում արդեն սարք կա, որ անմարդ պիցցա է սարքում, Շվեդիայում կալանավորը PlayStation է խաղում, Ճապոնիայում քաղաք կա, որտեղ միայն էլեկտրամոբիլներ են քշում, ԱՄՆ-ի Իլոն Մասկը Մարսի վրա քաղաք է սարքում, Ժնևի լճից շվեյցարացիք ջուր են խմում բաժակով, Ավստրիայում կանցլեր են դատում, իսկ մենք Հայաստանում դեռ քարից մուրճ ենք սարքում։
Հերի՛ք է։ Հոգնել եմ էս նախնադարից։ Էս երկիրը տղամարդիկ են քանդում։ Տհաս ու անփորձ, չբավարարված ու անկիրթ, անլիարժեքության ու գերարժեքության բարդույթով տղամարդիկ են Հայաստանը ծորացնում անդունդ։ Հերի՛ք է։
Անկեղծ, հոգնել եմ էս տղամարդկային դատարկ ինքահաստատումներից։ Ամեն տեղ, ամեն հանդիպման հնչող ինքնագովեստից։ Ամեն մեկը մի Ապոլլոն է, ամեն մեկը՝ Սարյան, ամեն մի տղամարդ էս երկրում Հենրի Քիսինջեր ու Գանդի, էլ Դալի ու Ստալին, էլ Մանդելա ու Չերչիլ է իրեն զգում։
Տղերք, հասկացե՛ք, դուք ՈՉԻ՛ՆՉ ԵՔ, փայլող ու շլացնող ոչինչնե՛ր։ Ուշքի՛ եկեք։ Դադարեք ձեզ Տիգրան Մեծ զգալ, դուք անգամ Կարեն Դեմիրճյան ու Անտոն Քոչինյան չեք, ուր մնաց Արտաշես Ա։ Ձեր ինչի՞ հաշվին եք իրար ուտում։
Էս երկիրը տղամարդիկ են քանդում։ Ու գուցե իմ ցեղի անդամներն ինձ հիմա ատեն, բայց հակառակը համոզել դժվար թե համարձակվեն։ Հակառակը տվեք, սաստե՛ք։
Տեր-Պետրոսյան Լևոնն ասաց, որ ինքը ստեղծեց, Քոչարյան Ռոբերտը՝ ծաղկեցրեց, Սարգսյան Սերժը՝ ամրացրեց, Փաշինյան Նիկոլը՝ փրկեց։ Ինձ անկեղծ պատմեք՝ ի՞նչն ու ինչի՞ց։ Ես էլ տղամարդ եմ, Վահագնի որդին։ Չէ, ոչ Կարինեի, հենց Վահագնի որդին։ Ես էլ ձեզնից մեկն եմ, ի՛նձ հետ դուք կիսվեք, ինչի՞ց ու ինչքան, ի՛նձ էլ փրկեցեք։
Էս երկիրը քանդողը տղամարդիկ են։ Իմացե՛ք։
Դափ-դատարկ ամբիցիաներով ու անգործունակ տղամարդիկ։ Սրանց մեջ ոչ ուժ կա, ոչ էլ հայրենիք։ Սրանք՝ ժամանակակիցները, զուրկ են գաղափարից։
Ես հոգնել եմ էներգիա ծախսել՝ հանուն այլոց էներգիա լափելու։ Էս երկրին մի այլ տեսակ է պետք, տեսակ, որ իրեն ավելի ստոր կդասի, քան սեփական արժեքն է։ Էս երկրին պետք են նրանք, որոնք պատրաստ են զոհաբերել ընտանիքն անգամ։ Էս երկրին պետք են ոչ թե սեռով պայմանավորված, այլ ոգով, հոգով տղերք։
Քանի դեռ իրենց մայրերի կողմից անհաս ու անունակ, բայց իրենց անչափ սիրող տղամարադանման երևույթներ են մի բան նախաձեռնելու, մենք բոլորս ենք ձախողելու։
Էլ հերիք եղավ դատարկ կռիվ տալ։ Հիմա միայն կռիվ տալ կամ հայի՛, կամ արժանիի՛ համար։ Մնացած բոլոր կռիվներն ինձ այլևս խորթ են։
Ինձ չլսե՛ք, չզգա՛ք, չհարցնե՛ք, չտեսնե՛ք, քանի դեռ ինքս չեմ գտել մեկին, որը Հայրենիքն իր զավակից առավել կդասի։
Ես գնում եմ լռություն։ Թե ձեր մեջ ուժ կգտնե՛ք, թե ձեր մեջ կամք կգտնեք հրաժարվել ամեն ինչից, անգամ տուն ու տեղից, անգամ զավակ ու ծնողից, անգամ սեր ու հարգանքից, անգամ սովորական կեր ու կացից․․․ գրեք։ Ինձնից մինչ այդ էլ բան չպահանջեք։
Ես իմ անելիքը լուռ մի տեղ, խորթ մի տեղ, որբ մի տեղ կանեմ»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր