ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+7 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Առուշանյանը ներկա կլինի վաղվա դատական նիստին
13:32, 28.11.2021 | mamul.am
2975 | 0

«Առուշ Առուշանյան» դաշինքը հայտնում է. «Գորիս համայնքի սիրելի՛ բնակիչներ, մենք ապրում ենք մեր պատմության ծանրագույն ժամանակներից մեկը։ Այսօր, երբ վտանգված է Հայաստանի ինքիշխանությունը, երբ աղոտ ու անորոշ է Սյունիքի ապագան, երբ նոր պատերազմի վտանգն առկախված է մեր երկրի սահմանների բոլոր ուղղություններով, մեզ անհրաժեշտ են հզոր ու արժանապատիվ առաջնորդներ։ Այդպիսիք, ցավոք, այսօր շատ չեն (այլապես չէինք հասնի այս հանգրվանին), բայց կան։ Որևէ մեկս կասկած չունի, որ այդ հայրենասեր, ազգասեր ու անձնազոհության աստիճան իր ծննդավայր Գորիսը սիրող եզակի հայորդի է նաև մեր սիրելի համայնքապետը, որին ավելի քան 4 ամիս է՝ ապօրինաբար պահում են կալանքի տակ։
Հարցրե՞լ եք արդյոք, թե այդ ո՞ր զանցանքի համար են այսօր Առուշ Առուշանյանին կալանավոել, այդ ի՞նչ շինծու մեղադրանք են մեր համայնքապետին առաջադրել, այդ ինչո՞ւ են դատական նիստերն անհիմն հետաձգվում, իսկ հաջորդ նիստերը որքան հնարավոր է ուշ նշանակվում, կամ այդ ի՞նչ վտանգ է Առուշանյանը ներկայացնում, որ վախենում են նրան ազատ արձակել։
Պատասխանը բոլորիս համար պարզ է․ Առուշանյանը չի համաձայնվել իշխանություններին խոնարհաբար ծառայել, չի համաձայնվել արյունով գծած սահմանները մեկ ստորագրությամբ թշնամուն նվիրել, իր բառերով ասած՝ նրանց թրի տակով չի անցել։
Կհարցնեք՝ ո՞րն է մեր անելիքը, կամ ի՞նչ կարող ենք անել․ պետք է նախ և առաջ համախմբվենք և մեկ մարդու նման պահանջենք, որ մեր համայնքապետին անհապաղ ազատ արձակեն։ Մենք դա արել ենք ստորագրահավաք կազմակերպելով, մենք դա արել ենք Առուշանյանին համայնքապետի պաշտոնում վերընտրելով, եկե՛ք վաղվա դատական նիստին մեր համայնքապետին ազատ արձակելու արդար պահանջը ներկայացնենք խաղաղ բողոքի ակցիայով։
Եկե՛ք այս անգամ էլ համախմբվենք, չհուսալքվենք ու հետ չկանգնենք մեր պայքարից այնքան ժամանակ, քանի դեռ մեր Առուշանյանին պահում են անազատության մեջ, և քանի դեռ մեր համայնքապետի նկատմամբ քրեական հետապնդումը չեն դադարեցրել։
Գորիս համայնքն ու մեր հայրենիքն այսօր առավել, քան երբևէ Առուշանյանի և նրա նմանների կարիքն ունի։ Արթնացե՛ք, մարդիկ։ Թուրքը հասել է մեր դարպասներին։ Ամեն օրը կարևոր է, ամեն ժամն ու վայրկյանը կարող է մեզնից յուրաքանչյուրի ու մեր հայրենիքի համար ճակատագրական լինել․․․
Արդարության ու արդարադատության վերականգման պահանջով վաղը՝ ժամը 13։30-ից սկսած, բոլորս հավաքվում ենք դատարանի շենքի դիմաց։
Դատական նիստը նշանակված է 14։00-ին։
Առուշ Առուշանյանը ևս ներկա կլինի դատական նիստին»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր