ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+24 °C
«Անկլավները կոլխոզների որոշումներով չէին կարող առաջանալ». Կարեն Հարությունյան
15:42, 29.11.2021 | mamul.am
3022 | 2

Խմբագիր Կարեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Վստահ եմ, որ խորհրդային վարչական սահմանների որևէ փոփոխություն չէր կարող հիմնավորում չունենալ։ Լավ կամ վատ, բայց հիմնավորում պետք է լինի։

Անկլավները կոլխոզների որոշումներով չէին կարող առաջանալ, ինչպես ենթադրում էր վարչապետը։

Սակայն նույնիսկ դա չէ խնդիրը։ Խնդիրն այն է, որ մենք իսկապես չգիտենք, թե սահմանային այդ փոփոխությունները կոնկրետ երբ, կոնկրետ ինչ հանգամանքներում և կոնկրետ ինչ հիմնավորումներով են եղել։

Եթե պետությունը դա չգիտի, նշանակում է, որ բանակցությունների գնում է արդեն կիսաձախողված։

Եթե պետությունը դա չգիտի, իր հետազոտողներին, Ակադեմիային, ԵՊՀ-ին ու մյուսներին առաջնահերթ պատվեր է իջեցնում հնարավորինս արագ այդ հարցը հստակեցնելու։ Ընդհանրապես, մեր ոչ վաղ անցյալի պատմությունը, հատկապես՝ խորհրդային շրջանի, մենք լավ չգիտենք, որովհետև խորհրդային շրջանում ամեն ինչ ներկայացվել է գաղափարական-կուսակցական լույսի ներքո, հետո էլ՝ այս նույն իներցիայով՝ հակառակ դիրքից։

Մեր պատմաբաններից, քարտեզագետներից շատերը պնդում են, որ սահմանների փոփոխությունը եղել է Խորհրդային Ադրբեջանի էքսպանսիոնիստական քաղաքականության մասը։ Շատ հնարավոր է, որ նրանք ճիշտ են։ Բայց դա նման է ենթադրության՝ առանց գիտական հիմնավորումների։ Այդ «էքսպանսիոնիստական քաղաքականության» վերաբերյալ քանի՞ գիտական աշխատանք, հետազոտություն է կատարվել։ Քանի՞ հոգի է գնացել հետազոտելու Մոսկվայի և Թբիլիսիի՝ Անդրֆեդերացիայի արխիվները։

Տիգրան Մեծի ժամանակաշրջանի մասին բազմաթիվ ատենախոսություններ են գրվել։ Բայց արի ու տես, որ մեր ոչ վաղ անցյալի այսքան կարևոր ու արդիական դրվագները չգիտենք, չենք հետազոտել։

Եթե սխալվում եմ, խնդրեմ ուղղե՛ք ինձ։ Եվ ցույց տվեք այն հիմնավորումները (թեկուզ՝ վատ, թեկուզ՝ հայերիս համար անընդունելի), որ ժամանակին եղել են այդ որոշումները կայացնելիս»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր