Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի և մյուսների գործով դատական նիստի ժամանակ Քարահունջ համայնքի ղեկավար Լուսինե Ավետյանը հրաժարվեց Առուշ Առուշանյանի դեմ տված մեղադրական բնույթի ցուցմունքից: Նա նշեց, որ Առուշանյանը ընդունել է բնակիչներին, լսել նրանց սոցիալական խնդիրների մասին, դրա հիման վրա օգնություն հատկացնելու մասին որոշում կայացրել. «Բազմաթիվ անգամ Առուշանյանը նույն բնակիչներին օգնել է և դա դիտել ընտրակաշառք անընդունելի է, զղջում եմ, որ սուտ ցուցմունք եմ տվել Առուշանյանի դեմ»,- նշել է Լուսինե Ավետյանը։ Ավետյանը նշեց, որ իր ղեկավարած գյուղի բնակիչների նկատմամբ նույնպես ճնշում է եղել, որ հայտարարեն, թե Առուշանյանն իրենց ընտրակաշառք է տվել։ Ավետյանի խոսքով, ինքը սատարել է «Հայաստան» դաշինքին և իրականացրել է քարոզարշավ՝ օրենքի տառին համապատասխան։ Ամբաստանյալը պատասխանեց միայն պաշտպանական կողմի հարցադրումներին, կտրականապես հրաժարվեց պատասխանել դատախազի հարցերին։ |