ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 481.65, EUR 546.14, RUB 6.30, GBP 655.67
0 °C, -11 °C ... 0 °C Վաղը`-5 °C
Լվովում բացվել է Հայաստանի պատվավոր հյուպատոսի գրասենյակը
00:12, 30.11.2021
1364 | 0

Ուկրաինայի Լվով քաղաքի կենտրոնում մեծ հանդիսավորությամբ բացվել է Հայաստանի պատվավոր հյուպատոսի գրասենյակը։ Բացմանը ներկա են եղել Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի Հայոց թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը, Ուկրաինայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարապետյանը, Լվովում Հայաստանի պատվավոր հյուպատոս Նորիկ Գևորգյանը, Լվովի մարզի նահանգապետը, Լվովի քաղաքապետը, նաև տեղի հայ համայնքի ներկայացուցիչները։

Լվովում Հայաստանի պատվավոր հյուպատոս Նորիկ Գևորգյանը շնորհակալություն է հայտնել նրանց, որոնք մասնակցություն են ունեցել Լվովում հյուպատոսության բացման կազմակերպման գործում․ «Հայերը շատ վաղուց են այստեղ ապրում և այս քաղաքի հիմնադիրներից են: Սա Ուկրաինայում Հայաստանի դեսպանատունն է, հայկական համայնքն է, մեր հայկական թեմն է, սա այս քաղաքի ու մարզի ղեկավարությունն է։ Ուզում եմ նրանց շնորհակալություն հայտնել, և հուսով եմ, որ մենք արժանապատիվ աշխատանք կցուցադրենք, մեր հայ համայնքի հետ միասին կբարձրացնենք գործունեության մակարդակը` ի շահ հայ ազգի, քաղաքի, ի շահ Ուկրաինայի ու Հայաստանի»,- նշել է հյուպատոսը:

Բացման խոսքում Ուկրաինայում Հայաստանի դեսպան Կարապետյանը խոսել է Լվովում հայերի ավանդի, հայկական ժառանգության մասին` հույս հայտնելով, որ Պատվո հյուպատոս Նորիկ Գևորգյանն իր ներդրումը կբերի հայ և ուկրաինացի ժողովուրդների բարեկամական հարաբերությունների զարգացման հարցում․ «Հետաքրքրական է, որ օրը համընկնում է Հայաստանի և Ուկրաինայի միջև դիվանագիտական հարաբերությունների ձևավորման 30-ամյակի հետ։ Կարծում եմ՝ այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք բերվեցին հանդիպումների ընթացքում, մասնավորապես երկկողմ հարաբերությունների զարգացման, միջտարածաշրջանային համագործակցության ուղղությամբ, լավ հիմք են տալիս դեսպանության հետագա աշխատանքի համար և երկկողմ հարաբերությունների զարգացման տեսակետից»,- ասել է նա։

Ընդգծվել է հայերի դերը Լվովում, քանի որ այնտեղ հայերը ոչ միայն ունեն բազմադարյա ու հարուստ պատմություն, այլև մեծ ավանդ են ներդրել քաղաքի հոգևոր և մշակութային կյանքի զարգացման գործում։ Հայ համայնքը համախմբված է Լվովի պատմական կենտրոնում գործող հայկական եկեղեցու շուրջ, որը քաղաքի ամենահին և գեղեցիկ պատմամշակութային ճարտարապետության նմուշներից մեկն է:
Նշենք նաև, որ մարզի նահանգապետ Մաքսիմ Կոզիցկու և Լվովի քաղաքապետ Անդրեյ Սալդովի հետ հանդիպումների ընթացքում քննարկվել են մարզային և քաղաքային մակարդակներով Հայաստանի և Լվովի տարածաշրջանի միջև հարաբերությունների զարգացման ուղղությունները։

Աղբյուրը` Ոսկան Սարգսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր