ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +27 °C Վաղը`+26 °C
««Միջանցքի» հարցում առանցքայինն այն է, որ համանախագահ երկրների համար ադրբեջանական օրակարգը չունի հրատապություն». Հակոբ Բադալյան
12:30, 30.11.2021 | mamul.am
2447 | 0

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը. «Մի պահ կար, երբ հայ ժողովրդին համոզում էին, որ Իրանը փակեց «միջանցքի» հարցը: Հիմա, թե՝ միջացքի հարցը Շարլ Միշելն է փակել, այն էլ Պուտինին իր զանգով: Շարլ Միշելը Պուտինին զանգով «միջանցքի» հարց փակող լիներ, կզանգեր լեհ-բելառուսական սահմանի միգրանտների հարցը կփակեր և խեղճ Մերկելը, «օր պաշտոնաթողության», ստիպված չէր լինի ծանր տեղը թեթևացնել ու զանգել Լուկաշենկոյին:

Հարցն այն չէ, որ Պուտինը դեմք է, իսկ Միշելը՝ ոչ: Պարզապես, Եվրոպայի Խորհուրդը, Եվրոմիությունն առավել ևս այսօր չունի քաղաքական այնպիսի ներուժ և կշիռ՝ օբյեկտիվորեն չունի, որ Կովկասում ինչ-որ թեմաներ «փակի»: Երբ ցանկալին դնում ենք իրականության տեղ ու մատուցում հանրությանը, ըստ էության, կամա, թե ակամա նպաստում ենք հանրային պատկերացումների և կարծիքի աղավաղման: Ինչ-որ հարցում դա կարող է չունենալ ոչ մի նշանակություն, բայց աղավաղումը չի լինում հատվածական, լինում է շղթայական, ու հետո որևէ կարևորագույն հարցում կարող է զգացնել տալ իրեն բավականին ցավոտ հետևանքով: «Միջանցքի» հարցում ներկայումս առանցքայինն այն է, որ Մինսկի խմբի համանախագահ երկրների համար ադրբեջանական այդ օրակարգը չունի հրատապություն՝ ամեն մեկի համար տարբեր պատճառներով: Այդ հանգամանքն էլ Հայաստանին թույլ է տալիս արդյունավետ մանևրել: Միաժամանակ, մենք իբրև հասարակական-քաղաքական պետական միավոր պետք է մի բան արձանագրենք մեզ համար, որ այդ մարտահրավերը Հայաստանի առաջ լոկ կարճաժամկետ չէ և հետևաբար պետք է կարողանանք ժամանակն օգտագործել այդ հարցում «եղանակի» մեզ համար անբարենպաստ փոփոխության պարագայում ավելի մեծ դիմադրունակությամբ օժտված լինելու համար»:

Աղբյուրը` Հակոբ Բադալյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր