ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Պետական կառույցների աշխատակիցներին հրահանգված է ակտիվորեն աշխատել ՔՊ-ի օգտին. «Փաստ»
09:30, 02.12.2021 | mamul.am
2650 | 0

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 12-ին Նիկոլ Փաշինյանը Վանիկ Օհանյանին նշանակեց Վանաձոր համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար: Շատ իրավաբանների համոզմամբ, այս որոշումը անօրինական էր, քանի որ օրենքի համաձայն, Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքների դեպքում գործող քաղաքապետը պետք է պաշտոնավարեր այնքան ժամանակ, մինչև կգումարվեր նորընտիր ավագանու անդրանիկ նիստը:

Շատերի կարծիքով, իշխանությունները նման քայլի գնացել են առաջին հերթին այն պատճառով, որ առավել հեշտ կիրառեն վարչական ռեսուրս, ինչը, ըստ տեղից ստացվող տեղեկությունների, ակտիվորեն կիրառվում է: Մասնավորաբար, թերթի տեղեկություններով, իրավապահ մարմինների և պետական այլ կառույցների աշխատակիցներին հրահանգված է ակտիվորեն աշխատել ՔՊ-ի օգտին, որի ցուցակը գլխավորում է Լոռու գործող մարզպետը: Մյուս կողմից՝ հարվածի տակ են նրանք, ովքեր չեն կատարում այդ հրահանգները, կամ, ասենք, փողոցում բարևում են այլ թեկնածուների, էլ չենք խոսում ֆեյսբուքյան «անցանկալի» լայքերի մասին: Ի դեպ, արդեն իսկ աշխատանքից ազատվել են մի շարք պաշտոնյաներ՝ բացառապես քաղաքական նկատառումներով:

Ի դեպ, քաղաքում շատերին զվարճացնում է այն հանգամանքը, որ նույնիսկ նախկինում իրականացված կամ ընթացքում գտնվող ծրագրերը մարզպետն ու ընդամենը մեկուկես ամիս պաշտոնավարող քաղաքապետի ժ/պ-ն վերագրում են իրենց: Վանաձորի քաղաքապետարանի թերթի աղբյուրները հայտնում են, որ պարգևավճարների արատավոր պրակտիկան, որը համայնքապետարանում երբեք չի կիրառվել, մուտք է գործել այստեղ Ամանորյա պարգևատրման անվան տակ, բայց... հենց ընտրությունների շեմին: Զուգահեռ, ըստ տեղեկությունների, աջուձախ պաշտոններ են խոստանում մարդկանց՝ ՔՊ-ի օգտին աշխատելու համար:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր