ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Սերժ Սարգսյանը ցինիզմ է որակում, երբ ՀԱՊԿ անդամ երկրները շնորհավորում են Ադրբեջանին». Հակոբ Բադալյան
12:48, 02.12.2021 | mamul.am
3747 | 3

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը. «Սերժ Սարգսյանը ցինիզմ է որակում, երբ ՀԱՊԿ անդամ երկրները շնորհավորում են Ադրբեջանին՝ ՀԱՊԿ անդամ երկրի հանդեպ տարած ռազմական հաղթանակի կապակցությամբ: Որակումն անշուշտ արդարացի է, և անգամ մեղմ:

Բայց, 2016 թվականի ապրիլի 7-ին Հայաստանում տեղի էր ունենալու ԵՏՄ վարչապետների հավաք: Հավաքը, սակայն, չեղարկվեց՝ քառօրյա պատերազմի պատճառով, որովհետև ԵՏՄ վարչապետները համարեցին, որ այդ իրավիճակում Երևանում ԵՏՄ հավաք անցկացնելը կարող է «նեղացնել» Ալիևին, Ալիևն իրենց ճիշտ չի հասկանա:

Ի՞նչ արեց Երևանը: Ոչինչ, գնաց և մասնակցեց Մոսկվա տեղափոխված հավաքին, որը կայացավ մայիսին: Բայց, այդ կապակցությամբ, իհարկե, կար մի ուշագրավ դրվագ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը, որ գնաց ու մասնակցեց, հայտարարեց, թե ինքն է անձամբ կայացրել այդ որոշումը: Իհարկե, Հովիկ Աբրահամյանն այդպիսով փորձում էր ստանալ Մոսկվայի գերվստահությունը Սերժ Սարգսյանին ճանապարհելու համար, չնայած ինքը մնաց փաստորեն ճանապարհի կեսին:

Բայց, այդ դրվագն արտահայտիչ ինդիկատորներից մեկն է, թե ինչպիսի վիճակ էր Հայաստանի կառավարող համակարգում 2016-ի քառօրյայից հետո էլ, առաջ էլ՝ պայքար Սերժ Սարգսյանին «հանձնելու»՝ անգամ Հայաստանը հանձնելու գնով:

Մեծ հաշվով, այսպես ասած, ներհայաստանյան քաղաքական զարգացումների տրամաբանությունը շարունակում է մնալ նույնը, այս դեպքում պայքարը Փաշինյանին «հանձնելու» համար է: Իհարկե, եթե մինչ 2018-ը պայքարն առավելապես շրջանակված էր կառավարող համակարգով, հիմա ներքին կառուցվածքն այլ է, բայց տրամաբանությունը՝ նույնը:

Հայաստանին ներկայումս շատ, թե քիչ օգնում է այն, որ կա լեգիտիմ իշխանություն: Այստեղ խնդիրը երևույթն է, ոչ թե անձը՝ լեգիտիմ իշխանության երևույթը: Բայց դա, իհարկե, լուծում չէ, օժանդակ գործոնն է, բայց լուծում չէ: Լուծման համար պետք է գտնել ճանապարհը, թե ինչպես հայաստանյան ներքաղաքական կյանք ասվածը դուրս բերել ամեն գնով «հանձնելու» մղումից և բերել ամեն գնով ՍՏԵՂԾԵԼՈՒ տրամաբանության գերակայության դաշտ»:

Աղբյուրը` Հակոբ Բադալյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր