ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Արցախի ժողովրդի և իշխանությունների համար անընդունելի է Ադրբեջանի կազմում որևէ կարգավիճակ»․ Դավիթ Բաբայան
14:12, 04.12.2021 | mamul.am
4217 | 0

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը ԱԺ նիստերի մեծ դահլիճում մասնակցել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովին և հանդես եկել ելույթով։ Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը:

Ելույթում ԱԳ նախարարն անդրադարձել է Արցախի Հանրապետության արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններին, տարածաշրջանային զարգացումներին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին։

Որպես ԱՀ արտաքին քաղաքական առաջնահերթություններ Դավիթ Բաբայանն առանձնացրել է հանրապետության միջազգային ճանաչումը, Արցախի Հանրապետության տարածքների դեօկուպացիան, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ և արդարացի կարգավորումը, տարբեր երկրների և նրանց սուբյեկտների հետ հարաբերությունների զարգացումն ու ընդլայնումը։

Նախարարը շեշտել է, որ Արցախի ժողովրդի և իշխանությունների համար անընդունելի է Ադրբեջանի կազմում որևէ կարգավիճակ, ինչը կնշանակի Արցախի և հայոց պետականության կործանում։

Առաջադրված խնդիրների արդյունավետ լուծման համար արտգործնախարարը կարևորել է Արցախի աշխարհաքաղաքական սուբյեկտայնության պահպանումը, համահայկական միասնականությունը, Հայաստանում և Սփյուռքում Արցախի՝ որպես ազգային գերագույն արժեքի ընկալումը։

Բաբայանը բարձր է գնահատել Հայ Դատի գրասենյակների կողմից իրականացվող աշխատանքները, կառույցի ներդրումն Արցախի զարգացման և զորացման գործում։ Նախարարը երախտագիտություն է հայտնել հայրենանվեր աշխատանքի համար՝ հույս հայտնելով, որ ՀՅԴ Հայ Դատը նույն եռանդով և նվիրվածությամբ կշարունակի իր աշխատանքը, և արցախակենտրոնությունը կմնա նրա գործունեության հիմնասյուներից մեկը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր