ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 481.63, EUR 545.49, RUB 6.17, GBP 651.50
-3 °C, -7 °C ... 0 °C Վաղը`-1 °C
«ՏԻՄ ընտրություններն արդյունավետ գործիք են դարձել մեզ պառակտելու առումով». Ժիրայր Սեֆիլյան
11:36, 06.12.2021
1663 | 0

Ազգային ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանի գրառումը. «Պատերազմը չի դադարել։ Բացի հաճախակի կրկնվող ռազմական դրվագներից, մշտապես ենթարկվում ենք տեղեկութային և հոգեբանական գրոհների։

Նպատակը պարզ է` հնարավորինս քայքայել ու թուլացնել մեզ, որպեսզի կարողանան առանց դիմադրության կլանել նաև այն ամենը, որ դեռևս կենսունակ է մնացել։

Եվ, փոխանակ ուշքի գալու ու կասեցնելու այս աղետալի ընթացքը, մենք` որպես ժողովուրդ և հասարակություն, կուրորեն ենթարկվում ու մասնակցում ենք դրան։

Տվյալ դեպքում խոսքը վերաբերվում է ՏԻՄ ընտրություններին, որոնք շատ արդյունավետ գործիք են դարձել մեզ պառակտելու և զբաղեցնելու առումով։

Նողկալի է տեսնել, որ անգամ նման ծանր իրավիճակում ամեն մեկն իր ճղճիմ շահն է հետապնդում։ Գործող ռեժիմը, օգտագործելով նաև համայնքների խոշորացումը, ձգտում է ՏԻՄ մակարդակում առավելագույնս վերարտադրվել, իսկ մնացածը նրա նկատմամբ ռևանշի հող են պատրաստում կամ էլ ինքնադրսևորման առիթ են գտել իրենց համար։ Մինչդեռ մեր գլխին կախված վտանգը պահանջում է ոչ թե արհեստական ներքին թշնամանքով լցնել առանց այդ էլ քայքայված մեր համայնքները, այլ կասեցնել ՏԻՄ ընտրությունները և զբաղվել անվտանգային-պաշտպանական խնդիրներով, ինչի համար շատ կարևոր է համայնքների ներքին համերաշխությունը։

Վերջապես պետք է հասկանանք, որ կառավարումը փոխվում է վերևից։ Այդ պատճառով մեզ օդ ու ջրի պես անհրաժեշտ է հեռացնել Փաշինյանի ռեժիմին և ստեղծել ժամանակավոր անցումային կառավարություն, որն արդեն ժողովրդի վրա հենվելով կլուծի մնացյալ խնդիրները։

Հակառակ պարագայում, եղածն էլ լուծարելու ներկայիս ընթացքով ստեղծվելու է ընդամենը ձևական կառավարման համակարգ այս կամ այն կայսրության ձեռքի տակ` կարճ ժամանակում պետության վերացման հեռանկարով։

Անելիքը պարզ է և հստակ` չմասնակցել մեր դեմ վարվող պատերազմին և միանալ Ազգային-ժողովրդավարական բևեռի նախաձեռնած պայքարին` նպատակ ունենալով հեռացնել ռեժիմին և ստեղծել ժամանակավոր անցումային կառավարություն։

Առաջիկա հանրահավաքը տեղի կունենա դեկտեմբերի 11-ին՝ ժամը 15-ին, Ազատության հրապարակում։ Սպասո՛ւմ ենք»։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր