ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +16 °C ... +26 °C Վաղը`+26 °C
«ՀՀ նոր իշխանությունները չկարողացան կամ չուզեցին կարգի բերել իրավապահ համակարգը». Լևոն Բարսեղյան
17:06, 06.12.2021 | mamul.am
2571 | 0

«Ասպարեզ» մամուլի ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը գրում է. «Ազատ, արդար, մաքուր, ժողովրդավար ընտրություններ՝ չի նշանակում, որ քվեարկության օրը խախտումներ, կազմակերպված կեղծարարություն չպիտի լինի ու արդեն ընտրությունները կարելի է համարել ազատ և արդար: Այդ կարգի հանցագործությունների բացառումը պարտադիր պայման է ազատ և արդար ընտրություններ ունենալու համար, բայց ոչ բավարար:

Անհրաժեշտ է (էր) նաև, որ՝

1. Խափանվեր վարչական (պետական, համայնքային և մասնավոր ձեռնարկատիրական) լծակների ազդեցությունն ընտրական ամբողջ գործընթացի վրա, հնարավոր դաշինքների կամ ցուցակների ձևավորումից սկսած: Գործող համայնքապետերն իրենք ավագանու անդամների հետ միշտ շատ հարազատ են տեղական բյուջեով աշխատող բոլոր հիմնարկների աշխատակազմերի հետ՝ բուն համայնքապետարան և ՀՈԱԿ-ների աշխատակազմեր: Այդ մարդիկ իրենք մերձավորների քվեներով զգալի ընտրազանգված են, ու 5 տարի շարունակ իրար հետ աշխատելով, պահպանողականության բերումով ու նորի քաղաքապետ դառնալուց աշխատանքը կորցնելու կամ աշխատանքում անցանկալի նորամուծություն ստանալու ռիսկերից խուսափելով, որպես կանոն քվեարկում են գործող համայնքապետի օգտին: Սա գործող պետական և տեղական իշխանությունների մրցակցային առավելությունն է, ոչ միայն մեզանում, այլև՝ դրսում: Մեզանում գործատուից աշխատողի կախումը սաստիկ մեծ է, գործազրկության, աշխատանքի իրավունքի անպաշտպանության, ճորտաֆեոդալական ավանդույթների ամրության, խնամիբարեկամության զորության բերումներով:

2. Թեկնածու կամ հավակնորդ քաղաքական ուժերի քարոզչական ֆինանսանյութական կապիտալի մաքրություն և զտում ապահովվեր: Այսինքն՝ այդ մաքրությունն ապահովող կամ զտումն ապահովող ուժը՝ պետական իշխանության իրավապահ համակարգը, պիտի կարողանար ժամանակին խափաներ աղտոտ կապիտալի ազդեցությունն ընտրական գործընթացների վրա: Մասնավորաբար՝ հանցագործ եղանակով կապիտալ կուտակած անձինք (անհատներ և քաղաքական ուժեր/կուսակցություններ), որոնք այդ կապիտալը վերածել էին զանազան բիզնեսների, ֆինանսական կայուն հոսքերի և մասնավոր համակարգերում կայուն աշխատատեղ-քվեարկողների ներուժի, պիտի զրկվեին այդ ներուժից: Հասկանալի է, որ ՀՀ նոր իշխանությունները չկարողացան կամ չուզեցին կարգի բերել իրավապահ համակարգը և իրենք էլ քաղաքական կամք չդրսևորեցին այդ մաքրումն իրականացնելու համար և դա տեղի չունեցավ: Ե՛վ ամառվա ԱԺ արտահերթ ընտրությունները, և՛ այս բոլոր ՏԻՄ ընտրություններն այս իմաստով նման են այն դրությանը, երբ վազքի մրցումներում որոշները նախկինում կուտակած ֆինանսատնտեսական ներուժի շնորհիվ արդեն կանգնեցվել են ֆինիշի մոտ, մյուսներին շարել են մեկնարկային գծին ու ասում են՝ ազատ մրցումներ են՝ տեսեք՝ ով է հաղթում, դե այդ դեպքում, հասկանալի է, որ ֆինիշին մոտ կանգնածները շուտ տեղ հասնելու լիակատար շանսեր են ունենում:

Վերոհիշյալ երկու նախապայմանները կատարելապես ունենալ երբեք չենք կարողանալու, բայց էապես հնարավոր էր ապահովել եթե իշխանությունը կամք դրսևորեր:

Շատերը, որ դժգոհ են կամ չարացած ՔՊ-ից՝ գործող իշխանության բազմաթիվ սխալների ու թուլամորթության պատճառով, պատերազմում մեր բոլորի կրած պարտությունից, կարճաժամկետ հրճվանքի մեջ են, որ ՔՊ-ն պարտվեց, «ո՜ւխ, աչքերն էլ հանեցին(ք)...» մոտավորապես: Սակայն այդ ուրախությունը հիմնական խնդիրը չի լուծում: Հիմնական խնդիրն այս ոլորտում բոլոր քաղաքական ուժերին մաքրագործումն է՝ ներառյալ հանցագործների չեզոքացումը և, իհարկե, բուն քվեարկության ժամանակ ազատ կամարտահայտումը: Իսկ բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք վնասներ են տվել Հայաստանի Հանրապետությանը, պետք է դատարանների որոշումներով կամ օրենքով հեռացվեին քաղաքական դաշտից, իսկ որոշ քաղաքական գործիչներ՝ զրկվեին կուսակցական գործունեությամբ զբաղվելու իրավունքից ինչ-որ ժամկետով, էլի՝ օրենքով և դատարանի որոշմամբ, թող գնային այլ գործերով զբաղվեին, գործարարներ էին, թող գործարարությանը նվիրվեին, ու թող քաղաքական պաշտոնների հավակնեին նրանք, որոնք ծագմամբ և գործունեությամբ մաքուր էին ու օրինապահ: Այսինքն՝ եթե վերոհիշյալ անելիքները թերագնահատվում են ու չեն արվում, հաջորդ պետական կամ տեղական ընտրություններում (2022) նորից ականատես ենք լինելու կուտակած ապօրինի կապիտալի կամ վարչական ռեսուրսնների կապիտալիզացմանը՝ որպես ավագանու մանդատավորում ու համայնքապետարանի տիրում կամ վերատիրում:

Անշուշտ, անցած 3 տարում տեղի ունեցած ընտրությունները նախկինում եղածների համեմատ անհամեմատ մաքուր էին, ընտրակեղծարարության և հատկապես կազմակերպված կեղծարարության ծավալի գրեթե վերացմամբ, սակայն մեծ չափազանցություն է ասել, թե ժողովրդական կամքի ազատ կամարտահայտում է տեղի ունեցել: Այդ ազատությունը լրջորեն ու շատ խորքային կերպով կաշկանդված է եղել ու այդ պատճառով է, որ մարդիկ պետության կամ համայնքի զարգացման շուրջ գաղափարական մրցության արդյունքում են ընտրություն կայացրել: Բոլորը գիտեն, որ այդպես չի եղել»:

Աղբյուրը` Լևոն Բարսեղյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր