Ինչպես արդոեն հայտնել ենք, այսօր Կառավարության նիստում արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը ներկայացրեց ՀՀ քաղաքացիական օրենսգրքում և հարակից օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը։ «Առաջարկվող կարգավորումների նպատակն ինքնակամ շինարարության դեմ պայքարում առավել արդյունավետ իրավական մեխանիզմների նախատեսումն է»,- նշեց նախարարը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցրեց Անդրեասյանին, թե մինչև որ պահը կառուցված ինքնակամ շինություններին են օրինականացման հնարավորություն տալիս՝ մինչև 2021թ. հունվարի 1-ը, թե՞ մինչև 2022թ. հունվարի 1-ը: Անդրեասյանը պատասխանեց, որ ամսաթիվ չի նշվում. «Օրենսդրական կարգավորումը վերաբերելու է այն ինքնակամ շինություններին, որոնք կառուցել են մինչև օրենքի ուժի մեջ մտնելը»,- հավելեց նա: «Հիմա այս հայտարարությունն անելուց հետո որոշ մարդիկ որոշ տեղերում բահերը կվերցնեն ու կգնան կառուցելու: Դուք մոռացե՞լ եք՝ ընտրությունների գիշերը ինչ էր տեղի ունեցել Երևանում: Մի գիշերվա մեջ Աջափնյակի կեսում խանութ էին սարքել: Այդպես չի լինի: Ամբողջ խնդիրն այն է, որ մենք հետին ամսաթիվ պետք է ֆիքսենք, որ մարդկանց մոտիվացիա չտանք նոր ինքնակամ շինություններ կառուցելու»,- նկատեց Փաշինյանը: |