ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +5 °C ... +15 °C Վաղը`+20 °C
«Բաց նամակ թուրք զինվորին». Արմեն Քոչարյան
20:48, 02.01.2022 | mamul.am
12587 | 2

Զինվորական Արմեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բաց նամակ թուրք զինվորին։
Բարև, ի՛մ թշնամի:
Ինչ եղել է մեր ազգերի միջև՝ այդ մասին այս պահին չեմ ուզում խոսել, հիմա անիմաստ է խոսելը: Խաղաղության կոչեր չեմ ուզում անել, որովհետև այսպիսի խաղաղություն ես ինքս չեմ ուզում։
Ես քեզ ուզում եմ հիշեցնել՝ մենք երկուսս էլ զինվոր ենք՝ անկախ ազգությունից։ Ես քեզ հասկանում եմ, դու էլ՝ ինձ, այն պարզ պատճառով, որ երկուսս էլ մեր երկրի զավակն ենք, երկուսս էլ մեր ազգի զինվորն ենք։ Կարծում եմ՝ դու էլ ինձ պես զգացել ես մահվան դառը համը, դու էլ ինձ պես ընկնող արկի հետ քո կյանքի լավ ու վատ դրվագներն ես հիշել և ավելի սիրել կյանքը։
Այսօր դուք հաղթել եք պատերազմը, և ինձ համար մեկ է, թե ինչ ճանապարհով: Հաղթողներին ես՝ մեկը, չեմ դատում, քանի որ երբ ես հաղթեմ, կստիպեմ ձեզ հաշտվել այդ մտքի հետ։
Այսօր ես տեսնում եմ ձեր քայլերը մեր զինվորների հանդեպ և ես` որպես զինվոր, չեմ հասկանում ձեզ… Ես ուզում եմ, որ դուք գիտակցեք մի բան. սուտը, ինչքան էլ քաղցր է, բոլոր դեպքերում լինում է կործանարար և քայքայող՝ նախ քեզ շրջապատող մարդկանց, հետո ինքդ քեզ համար։ Այն միֆը, որ դուք եք տարածում ձեր ժողովրդի մեջ, միֆ է աշխարհի առաջ ձեզ ազգ ներկայացնելու համար։ Այն որ փախչող զինվորներ կան մեր բանակում` փաստ է, ես դա չեմ էլ փորձի ժխտել, բայց ձեզ պետք է հիշեցնեմ, որ ձեր բանակը ավելի հայտնի է իր վախկոտ, փախչող զինվորներով, քան մերը: Այս կարծիքը ինձ մոտ ձևավորել են իմ սեփական աչքերը, ոչ թե հերոսական պատմությունները, որոնք գրվել են մեր պատմիչների կողմից։
Այսօր ես տեսնում եմ ինչպես ես դու իմ ազգի զինվորի ականջը կտրում, դու նրան ստորացնում ես միայն այն բանի համար, որ հայ է ծնվել: Իսկ փորձե՞լ ես նրան որպես զինվոր նայել, փորձե՞լ ես գիտակցել, որ նա էլ քեզ նման կռվում է մի պատերազմում, որում կռվում ես նաև դու, և այն ճանապարհը, որ դու ես անցնում ձեր կողմում, անցնում է նա՝ ուղղակի մեր կողմում։ Մտածե՞լ ես, որ նրա ականջը կտրելով՝ դու հիմք ես դնում այն մտքին, որ ես մտածեմ քո ականջը կտրելու մասին, որ ես էլ քեզ նման դառնամ: Բայց ուզում եմ, որ նամակս կարդալուց հետո, մենք` երկուսս գոնե, այս հարցում միանման մտածենք։ Արի՛ հարգենք մեր զինվորական կոչումը, արի՛ սպանվածներին կամ գերիներին չպղծենք ամենավատ սցենարով, քանի որ դա անելով՝ մեր հաղթանակները կամ պարտությունները չեն ավելանում կամ պակասում։ Պատմության մեջ գրվելու է՝ Ադրբեջանը այս պատերազմում հաղթել է կամ պարտվել, մնացածը հերոսական լիրիկաներ են լինելու և վերջ:
Դու ոչ մի բան չես ունենալու և չես տանելու այս կյանքից, ոչի՛նչ... Իսկ քո զավակները ժառանգելու են իմ ազգի զավակների դառը վրեժը։ Ես ուզում եմ մեր երկուսի պայքարը լինի արդար, առանց գլուխ կամ ականջ կտրելու։ Ես՝ մեկը, եղել եմ ռազմի դաշտում և հարգել եմ մեր և ձեր զոհերի դիերը, իրենց մարմինների հետ ոչ մի բան չեմ արել: Արի՛ մնա ինձ թշնամի ինչքան կուզես և ինչքան ես կուզեմ՝ թեկուզ դարերով, բայց արի՛ երկուսս էլ մարդ մնանք, քանի շնչում ենք և կանք այս աշխարհում»:

Աղբյուրը` Արմեն Քոչարյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր