ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +3 °C ... +14 °C Վաղը`+16 °C
«Կրակը վարվում է ադրբեջանական այն դիրքերից, որոնք գտնվում են ՀՀ ինքնիշխան տարածքում». ՄԻՊ
22:18, 11.01.2022 | mamul.am
6375 | 1

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գրառումը․ «Այսօր՝ ժամը 17:30-ի սահմաններում, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն ահազանգեր է ստացել, որ ադրբեջանական զինված ուժերը հատկապես ինտենսիվ կրակ են բացել ՀՀ Գեղարքունիքի մարզի Նորաբակ, Վերին Շորժա և Ներքին Շորժա գյուղերի հարևանությամբ տեղակայված ՀՀ Զինված ուժերի դիրքերի ուղղությամբ: Հրետանին լսելի է եղել նաև Կութ գյուղում: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հավաքագրած փաստերը հաստատում են, որ կրակը վարվում է առավելապես ադրբեջանական այն դիրքերից, որոնք գտնվում են ՀՀ ինքնիշխան տարածքում: Խոսքը 2021թ. մայիսի ներխուժումների մասին է:

Այդ տեղակայումները ՀՀ գյուղերի անմիջական հարևանությամբ են՝ մարդկանց սեփականության իրավունքով պատկանող արոտավայրերում, վարելահողերում ու խոտհարքներում և զուրկ են իրավական որևէ հիմքից:

Ասօրվա ադրբեջանական հարձակումները, ինչպես հաստատել է ՀՀ պաշտպանության նախարարությունը, տեղի են ունեցել հրետանի և անօդաչու սարքեր կիրառելով: Ագրեսիվ կրակը ՀՀ գյուղերի անմիջական հարևանությամբ է՝ քաղաքացիական բնակչության կյանքի ու անվտանգության, մյուս կենսական իրավունքների համար իրական վտանգավոր եղանակով:

Մարդիկ մի շարք վայրերում թաքնվել են նկուղներում՝ անվտանգության նկատառումներից ելնելով:

Ուստի, ՀՀ զինված ուժերն անմիջականորեն պաշտպանում են ՀՀ քաղաքացիական բնակչության կյանքն ու առողջությունը, ապահովում են մարդկանց անվտանգությունը:

Ադրբեջանական իշխանությունները գործում են միջազգային կանոնների բացահայտ խախտումներով և պատասխանատվություն են կրում հանցանքների՝ Գեղարքունիքում այսօր ՀՀ 2 զինծառայողներին սպանելու, նրանց կյանքի իրավունքը խախտելու համար, վիրավորում ստացած զինծառայողների առողջությանը վնաս պատճառելու, ինչպես նաև քաղաքացիական բնակչության անվտանգությունը խաթարելու, մարդկանց նկատմամբ ագրեսիայի համար»:

Աղբյուրը` Արման Թաթոյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր