Թուրքիայի հետ երկխոսություն սկսելու հարցերով Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը և նրա թուրք գործընկեր Սերդար Քըլըչը ուրբաթ օրը Մոսկվայում կայացած բանակցություններից հետո պայմանավորվել են երկխոսություն վարել կառուցողական և ապաքաղաքականացված՝ ընդհանուր եզրեր գտնելու համար։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։ «Կողմերը ցույց տվեցին իրենց պատրաստակամությունը երկխոսություն վարելու կառուցողական, ոչ քաղաքականացված ձևով, բաց ոգով և կենտրոնանալով գործնական արդյունքների վրա՝ «փոքր քայլերով» անցնելով պարզից բարդի: Պայմանավորվածություն ձեռք բերվեց շարունակել ընդհանուրի որոնումը, որը կաշխատի ի շահ երկու երկրների ժողովուրդների և ի շահ՝ տարածաշրջանի կայունության և տնտեսական բարգավաճման»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ։ Հանդիպումը կայացել է փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյի միջնորդությամբ։ Ավելի վաղ, ուրբաթ օրը, ՌԴ դիվանագիտական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը 2021 թվականին ռուսական դիվանագիտության գործունեության արդյունքներին նվիրված մեծ մամուլի ասուլիսում ասել էր, որ Մոսկվան ողջունում է կողմերի առաջին հանդիպումը Ռուսաստանի մայրաքաղաքում։ «Մեր դերն է օգնել ուղիղ երկխոսության հաստատմանը, հուսով եմ, որ այն հաջող կլինի»,- ընդգծել է նա։ |