ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
«Իրականում մենք Թուրքիայի լարած թակարդում ենք». Հոխիկյան
22:30, 14.01.2022 | mamul.am
3404 | 1

Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հունվարի 14-ին տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հանդիպումը։ ՀՀ ԱԳՆ տարածած հայտարարության մեջ նշվում է, որ հանդիպումը եղել է կառուցողական ու առանց նախապայմանների։ Նույն բառերով նույն տեքստը հրապարակել է նաև Թուրքիայի ԱԳՆ-ն։
Շատերը կարծում են, թե իրականում երկու երկրների միջև սկսվում է հարաբերությունների կարգավորման նոր փուլ, սակայն իրականում մենք Թուրքիայի լարած թակարդում ենք։ Հատուկ ներկայացուցիչների այս հանդիպումները վստահաբար լինելու են անժամկետ ու անարդյունք, ամեն անգամ հանդիպելու են, խոսելու են հարաբերությունների կարգավորման անհրաժեշտության մասին և պայմանավորվելու են էլի հանդիպել։ Վերջ։
Թուրքիային պետք է համագործակցության այդպիսի տպավորություն ստեղծել լոկ այն պատճառով, որպեսզի մի քանի կարևոր խնդիր լուծի իր և Ադրբեջանի համար․
1․ Կասեցնի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը (երկու երկրները հարաբերություններ են կարգավորում, որևէ այլ պետություն չպետք է ցեղասպանություն ճանաչի և խանգարի հաշտեցմանը)։
2․ Հայկական Սփյուռքին հեռացնի մայր հայրենիքից (Ահմեդ Դավութօղլուի ծրագրով, որպեսզի Հայաստանը ամբողջությամբ ընկնի թուրքական ազդեցության գոտում, պետք է չեզոքացնել հայկական սփյուռքի գործոնը։ Սփյուռքը այս պահին մեծ մասամբ զրկված է ՀՀ-ից)։
3․ Տարածաշրջանից հեռացնել ռուսական ռազմական և քաղաքական ներկայությունը, հանել ռուսական զորքերը (1 տարի առաջ Նիկոլ Փաշինյանի հովոնավոր օլիգարխներից մեկը ինձ երաշխավորում էր, որ առաջիկա 2 տարվա ընթացքում կբացվեն Թուրքիայի սահմանները, ինչը հնարավորություն կտա ռուսական զորքը հանել Հայաստանից՝ այլևս թշնամություն չլինելու պատրվակով)։
Այս հիմնական երեք կամ ավելի գործոնների համար Թուրքիան քայլեր է անում հաշտության ուղղությամբ, բայց դրանցից որևէ մեկը չի կարող կյանքի կոչվել ներքին ու արտաքին պատճառներով։ Նախ՝ եթե առաջին երկու կետերը հնարավոր է իրագործել ՀՀ իշխանության ապազգային գոյության պայմաններում, ապա վերջին կետը կյանքի չի կոչվի հենց ՌԴ ջանքերով, իսկ Թուրքիային առաջին հերթին պետք է վերջին կետը։
Այնպես որ, մոտ ապագայում մենք ականատես ենք լինելու հայ-թուրքական հաշտության հանձնաժողովի բազմաթիվ հանդիպումների ու սիրո խոստովանությունների, կլինեն նաև պատմության խմբագրումներ, հայկական դասագրքերից կհանվեն Թուրքիայի համար տհաճ հատվածները, թուրքական ներդրումները կարող են ավելանալ, բայց քաղաքական լուրջ փոփոխություններ հազիվ թե լինեն։ Հիմա չեն լինի, քանի դեռ ռուսական գործոնն այստեղ ուժեղ է։
Երբ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը կարողանա իրեն սպասարկող կուսակցությունների օգնությամբ հակառուսական տրամադրություններ գեներացնել ու ժողովրդական զանգվածներին փողոց հանելով՝ պահանջել ռուսների հեռացում, այդ պարագայում միայն թուրքական փափուկ ուժի և Հայաստանը առանց զենքի գրավելու քաղաքականությունը արդյունավետ կլինի։
Կասկածում եմ դրա իրականություն դառնալուն, քանի որ Փաշինյանին կառավարելու շատ ժամանակ չի մնացել, Էրդողանի մի ոտքն էլ գերեզմանում է.։

Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր