ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
Ձերբակալվել է Ուրցաձոր համայնքի նախկին ղեկավարի որդին
17:25, 15.01.2022 | mamul.am
3032 | 0

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Ուրցաձոր համայնքի նախկին ղեկավարի որդու կողմից Ոստիկանության ծառայողների նկատմամբ առերևույթ բռնություն գործադրելու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ․ հայտնում է ՀՀ ՔԿ-ն։

Նախնական տվյալներով՝ 2022թ. հունվարի 15-ին, Ուրցաձոր համայնքի նախկին ղեկավարին ինքնիրավչություն կատարելու կասկածանքով բերման ենթարկելու ժամանակ, վերջինիս որդին, իր կողմից վարած «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենայով, որում գտնվել է նաև նույն գյուղի բնակիչներից մեկը, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և ավտոմեքենայի առջևի մասով հարվածել Ոստիկանության ծառայողական «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի առջևի մասին, ապա, իջնելով ավտոմեքենայից, սկսել է դժգոհել հորը ոստիկանության բաժին բերման ենթարկելու հանգամանքից, սպառնացել ոստիկաններին՝ չենթարկվելով վերջիններիս օրինական պահանջներին:

«Վազ 2121»-ի կողմից Ոստիկանության ծառայողական ավտոմեքենային հարվածելու արդյունքում ոստիկաններից երկուսը մարմնական վնասվածքներ են ստացել և դիմել բուժօգնության:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Արարատի բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին և ընդունվել վարույթ:

Նախաքննության ընթացքում կատարվել են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի և տրանսպորտային միջոցների զննություններ, որի ընթացքում «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենայի սրահի հետևի նստատեղի դիմաց՝ հատակին, հայտնաբերվել է երկփողանի որսորդական հրացան, որսորդական հրացանի պատյան, իսկ առջևի նստատեղերի միջնամասում՝ որսորդական հրացանի փամփուշտներ՝ պատյանով, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Նույն օրը Ուրցաձոր համայնքի նախկին ղեկավարի որդին ձերբակալվել է՝ ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով:

Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր