ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Ինչպե՞ս կարելի է հավատալ Ուրցաձորի միջադեպի պաշտոնական վարկածին»․ Րաֆֆի Ասլանյան
15:54, 16.01.2022 | mamul.am
5016 | 2

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հիմա էլ ասում են, որ Ուրցաձոր համայնքի ղեկավարի որդին է ոստիկանների նկատմամբ բռնություն կիրառել, ինչին գրեթե անհնար է հավատալ՝ երկրում գոյություն ունեցող արատավոր պրակտիկան հաշվի առնելով։

Օրինակ՝ իբրև թե ոստիկանի նկատմամբ իր ծառայողական պարտականությունները կատարելու կապակցությամբ բռնություն կիրառելու վերաբերյալ այս պահին մի քրեական գործ է քննվում Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում։ Ամբաստանյալը պնդում է, որ ոստիկանն է իրեն ծեծի ենթարկել՝ պատճառելով փորձաքննությամբ հաստատված՝ գլխի գծային կոտրվածքի տեսքով միջին ծանրության մարմնական վնասվածքը։

Տուժող ճանաչված ոստիկանը հակառակն է նշում՝ թե իբրև իրեն են հարվածել, իսկ ամբաստանյալի վնասվածքից տեղյակ չէ։ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում որոշում է կայացվել ոստիկանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին՝ ապացույցների անբավարարության պատճառաբանությամբ։

Դեպքին մասնակից երկու ճանապարհային ոստիկաններն ասում են, որ իրենց կրծքավանդակին ամրացված տեսախցիկների մարտկոցները միջադեպի պահին միասնական կերպով նստած են եղել, ուստի չեն նկարահանել տեղի ունեցածը։

Դեպքի վայրին հարակից սննդի օբյեկտի տեսախցիկների նկարահանումներն, ըստ փորձաքննության, ամբողջությամբ ջնջվել են քննիչի հանձնարարությամբ ոստիկանների կողմից դրանք առգրավելուց հետո։

Առգրավող ոստիկանը նշում է, որ տեղյակ չէ, թե ով է ջնջել DVR-ների պարունակությունը, իր աշխատասենյակում է եղել, գուցե դուռը մոռացել է փակել, ՀՔԾ-ն այս մասով ևս մեկ քրեական գործ է հարուցել և չբացահայտված լինելու հիմքով կասեցրել։

Կարո՞ղ է արդյոք լինել մի խելամիտ մարդ, ում համար պարզ չէ, թե իրականում ինչ է տեղի ունեցել, մինչդեռ քրեական հետապնդման մարմինը այնուամենայնիվ որոշել է, որ քաղաքացին է ոստիկանին հարվածել, ուստի նրա վերաբերյալ գործը դատարան է ուղարկել։

Հիմա ինչպե՞ս կարելի է հավատալ Ուրցաձորի միջադեպի պաշտոնական վարկածին…»։

Աղբյուրը` Րաֆֆի Ասլանյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր