Փետրվարի 13-ին, Երևանում սպասվում է երաժշտական իրական տոն: Արամ Խաչատրյան համերգասրահում մեկ բացառիկ մենահամերգով հանդես կգա աշխարհահռչակ տենոր Ալեսանդրո Սաֆինան: «Սի-Էն-Էն» ամերիկյան հեռուստաընկերության կողմից Ալեսանդրո Սաֆինան ճանաչվել է աշխարհի փոփ-օպերային ժանրի երեք ամենահայտնի տենորներից մեկը, իսկ «Սանդեյ Մեյլ»-ը նրան դասել է աշխարհի ամենահայտնի տենորների շարքին: Ալեսանդրո Սաֆինան զուգերգերով ելույթ է ունեցել Էլթոն Ջոնի, Ռոդ Ստյուարտի, Մարիոս Ֆրանգուլիսի, Սումի Յոյի և Սառա Բրայթմանի հետ և նույն բեմում հանդես եկել Խոսե Կարերասի և Բարբարա Հենդրիքսի հետ: Ալեսանդրո Սաֆինան Բիրմինգհեմի Royal Variety Show-ի շրջանակներում ելույթ է ունեցել Անգլիայի թագուհի Եղիսաբեթ II-ի, Հռոմի պապ Հովհաննես Պողոս II-ի և Մոնակոյի արքայազն Ռենիեյի համար: Իտալացի տենորը ելույթ կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ` դիրիժոր՝ Նիկոլա Սիմոնի ղեկավարությամբ: Հարվածային գործիքներ՝ Պաոլո Պրիզոն։ Երևանյան մենահամերգի ընթացքում Ալեսանդրո Սաֆինան կկատարի իր՝ բոլոր ժամանակների հանրածանոթ և գեղեցիկ սիրո երգերը: Համերգի գլխավոր հովանավորն է Sonati Art Made Textile ընկերությունը: |