ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Տեղի է ունեցել Ալեն Սիմոնյան-Նենսի Փելոսի հանդիպումը
10:06, 20.01.2022 | mamul.am
4413 | 0

Հունվարի 19-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին:

«Հանդիպմանը Ալեն Սիմոնյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության կողմից 2018 թվականի Թավշյա հեղափոխությունից հետո ժողովրդավարական ինստիտուտների և օրենքի գերակայության ամրապնդման գործում արձանագրված հետևողական առաջընթացը: Նա ընդգծել է Հայաստանի իշխանությունների և խորհրդարանի ջանքերը կոռուպցիայի դեմ պայքարի և թափանցիկության ու հաշվետվողականության բարձրացման ուղղությամբ, ինչպես նաև ընդգծել ազատ և արդար ընտրությունների դերը բարեփոխումների անշրջելիության ապահովման գործում:

Ալեն Սիմոնյանն իր գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել այն փաստի վրա, որ 2018-2021 թվականներին Հայաստանը բարելավել է Transparency International-ի կոռուպցիայի ընկալման իր ցուցանիշը՝ 35-ից անցնելով 49-ի, և Freedom House-ի գնահատմամբ՝ ազատության գլոբալ ցուցանիշը դրական աճ է արձանագրել: Կողմերը վերահաստատել են, որ ժողովրդավարությունը հայ-ամերիկյան համագործակցության կարևորագույն հիմնասյուներից է:

Ալեն Սիմոնյանը ներկայացրել է կոնկրետ ոլորտներում Հայաստանի օրենսդրական մի շարք բարեփոխումներ:

Ազգային ժողովի նախագահն իր գործընկերոջը տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության ներկա փուլի և 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին: Նա վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ աշխատելու տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և անվտանգության հաստատման ուղղությամբ: Նա ընդգծել է, որ Ադրբեջանի իշխանությունները շարունակում են բացահայտորեն սպառնալ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը և շարունակում են ոտնձգությունները նրա տարածքի նկատմամբ: Կողմերը համակարծիք են եղել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական կարգավորումը կարող է ձեռք բերվել միայն խաղաղ բանակցությունների ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո: Քննարկվել են նաև Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակման, ինչպես նաև տարածաշրջանում բոլոր կոմունիկացիոն գծերի բացմանը վերաբերող հարցեր:

Զրուցակիցներն անդրադարձել են հայ-ամերիկյան միջխորհրդարանական հարաբերությունների ամրապնդմանն ու նախանշել այդ ուղղությամբ համագործակցության ընդլայնումը: Այս համատեքստում Ազգային ժողովի նախագահը բարձր է գնահատել Կոնգրեսի հայկական հարցերով խմբի գործունեությունը, որն ունի երկկուսակցական աջակցություն և առանցքային դեր է խաղում այդ հարաբերությունների ամրապնդման գործում: Ալեն Սիմոնյանը երախտագիտություն է հայտնել խոսնակ Փելոսիին և նրա բոլոր գործընկերներին Հայոց ցեղասպանության ճանաչման և համապատասխան բանաձևի ընդունման գործում նրանց ունեցած արժեքավոր ներդրման համար:

Հանդիպմանը Նենսի Փելոսիին է հանձնվել Պատվո շքանշան՝ Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ՝ հայ-ամերիկյան բարեկամական հարաբերությունների ամրապնդման ևւ զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար:

Հանդիպմանը մասնակցել են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի փոքրամասնության ղեկավար հանրապետական Քեվին ՄըքՔարթին, հանրապետականներ Դեւիդ Վալադաոն, Գաս Բիլիրակիսը, դեմոկրատներ Ֆրենկ Փալոնը, Ջեքի Սփիրը, Ադամ Շիֆը և Աննա Էշուն»,- հայտնում է ԱԺ կայքը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր