ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 447.17, EUR 479.19, RUB 7.04, GBP 564.02
+10 °C, +10 °C ... +24 °C Վաղը`+26 °C
«Կարմիր խաչի միջազգային կոմիտեն իր ամենագնաց մեքենայով չի կարողացել սնունդ ու հիգիենիկ պարագաներ հասցնել Բարձրավան». ՄԻՊ
23:36, 21.01.2022 | mamul.am
2277 | 3

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գրառումը. «Ադրբեջանական զինված ծառայողները բացահայտ հանցավոր արարքներով 2021թ. նոյեմբերից փակել են Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ճանապարհները. ամեն օր, ամեն րոպե խախտված են Գորիսի և Կապանի բնակիչների՝ մեր մարդկանց իրավունքները:

Գորիսի Բարձրավան, Շուռնուխ և Որոտան գյուղերում, Կապանի Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ, Ծավ, Շիշկերտ գյուղերում մարդիկ կանգնել են հատկապես եղանակային պայմանների պատճառով մեկուսացման և հումանիտար խնդիրների առաջ:

Օրինակ` Գորիս համայնքում ուսուցիչները, այսպես կոչված, այլընտրանքային ճանապարհով եղանակային պայմանների պատճառով չեն կարողացել աշխատանքի գնալ անգամ ռազմական Ուրալ մեքենայով: Բա սա կրթության ու աշխատանքային, ազատ տեղաշարժման իրավունքների խախտում չէ՞:

Դժվարանցանելի է ու հատկապես վատ վիճակում է, օրինակ, Տաթև-Կապան ճանապարհի հատվածը, որ տանում է դեպի Բարձրավան: Բա սա մարդու ազատ տեղաշարժման ու դրա հետ կապված մյուս իրավունքների խախտում չէ:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն իր ամենագնաց մեքենայով չի կարողացել հունվարի 20-ին սնունդ ու հիգիենիկ պարագաներ հասցնել Բարձրավան գյուղ: Այս ամենն այսօր ճշտել ենք:

ԱԻՆ-ի, ԱԱԾ-ի սահմանապահ զորքերի ծառայողներն են անձնվիրաբար աշխատանքով սնունդ հասցնում գյուղեր ու այն էլ շատ դժվար:

Բա ինչպե՞ս է ապահովվելու շտապ բժշկական օգնության հասանելիությունը, հոսպիտալացումները և այլն: Բա սա առողջության պահպանման ու կյանքի իրավունքի հարց չէ՞: Այստեղ արժանապատվության հարցեր չկա՞ն:

Սրան գումարած՝ թե՛ Գորիսի, թե՛ Կապանի դեպքում նշված գյուղեր տանող, այսպես կոչված, այլընտրանքային ճանապարհները դիտարկվում են ադրբեջանական զինված ծառայողների կողմից: Դիտարկվող է դարձել նաև Կապանի Գեղանուշ գյուղը, որով այդ ճանապարհը տանում է դեպի Ճակատեն ու մյուս գյուղերը: Այդ երկրի զինվորականների ուղիղ թիրախի ներքո են:

Այսինքն՝ ապահովված չէ նաև անվտանգությունը: Ու ինչո՞ւ պետք է ադրբեջանական զինված ծառայողների, իշխանությունների որևէ հիմք չունեցող, պարզապես հանցավոր արարքների պատճառով մեր բնակիչները նման զրկանքներ կրեն:

Ինչ-որ մեկը մտածում է, թե Ադրբեջանը փակել է այս ճանապարհները՝ առանց իմանալու՝ մարդիկ ի՞նչ զրկանքների են ենթարկվելու ու ի՞նչ աստիճան է դժվարանալու մարդկանց կյանքը:

Բա սա չի նշանակո՞ւմ, որ դա արված է մեր խաղաղ բնակիչներին վնաս պատճառելու, դիտավորությամբ, որ ատելության քաղաքականությունը շարունակվում է ու չի ավարտվել: Այս պայմաններում, Ադրբեջանի խաղաղասիրությունը կարող է ազնիվ կամ իրական լինե՞լ: Այս բոլոր հարցերը պետք է լինեն մեր երկրի պետական քաղաքականության հիմքում:

Բա ո՞նց կարելի էր ասել, թե ճանապարհներին նրանց հայտնվելն «ադրբեջանական տարածք է ու մենք ոչինչ չենք կարող անել», ո՞նց կարելի էր զբաղվել այլընտրանքային ճանապարհների գովքով ու «արդարացնել» ադրբեջանական խախտումները և դեռ մի հատ էլ քաղաքականացնել նրանց, ովքեր բարձրացնում են մարդու իրավունքների հարցերը: Բա մարդկանց պատճառվող այսքան զրկանքները քաղաքական հարցե՞ր են: Բա անվտանգությունն ու մարդու իրավունքները կարելի՞ է մարդուց կտրել:

Հակառակը՝ պետության ուղիղ պոզիտիվ պարտավորությունն է պաշտպանել այդ իրավունքները, ամեն ինչ անել, որ մարդուց անվտանգությունը չկտրվի ու չքաղաքականացվեն մարդու իրավունքների հարցերը: Հակառակ դեպքում ուղղակի անվտանգությունից էլ ամբողջությամբ կզրկվենք: Պետք է նրանց հեռացնելու ուղղությամբ աշխատել, որ մեր բնակիչների միջազգայնորեն երաշխավորված իրավունքները վերականգնվեն:

Այնպես որ, ելքը մեկն է՝ ադրբեջանական զինված ծառայողները պետք է հեռացվեն մեր գյուղերի մոտից ու ճանապարհներից և վերջ:

Մեր քաղաքացիները, մեր ողջ երկրի խաղաղ բնակչությունը չպետք է զրկանքներ կրի տարիների խորքից եկող հայատյացության քաղաքականություն տանող ադրբեջանական իշխանությունների պատճառով: Մենք ունենք մեր իրավունքները պաշտպանելու, արժանապատիվ ապրելու օրինական իրավունքներ: Միջազգային կանոնները դա անել թույլ են տալիս. ԵԱՀԿ, ՄԱԿ-ի ու մյուս կառույցների կանոններ»:

Աղբյուրը` Արման Թաթոյան
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր