ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +26 °C Վաղը`+25 °C
ՀՀ նոր նախագահի ընտրության կարգը և ժամկետները
22:12, 23.01.2022 | mamul.am
5862 | 0

Հանրապետության նախագահի հրաժարականի դեպքում Հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալուց ոչ շուտ, քան 25, և ոչ ուշ, քան 35 օր հետո (փետրվարի 17-27) անցկացվում է Հանրապետության նախագահի արտահերթ ընտրություն:

Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրելու իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը (27 պատգամավոր)։
Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որը ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք քառորդը (80 պատգամավոր):

Եթե Հանրապետության նախագահ չի ընտրվում, ապա անցկացվում է ընտրության երկրորդ փուլ, որին կարող են մասնակցել առաջին փուլին մասնակցած բոլոր թեկնածուները: Երկրորդ փուլում Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որն ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդը(65 պատգամավոր):

Եթե Հանրապետության նախագահ չի ընտրվում, ապա անցկացվում է ընտրության երրորդ փուլ, որին կարող են մասնակցել երկրորդ փուլում առավել ձայներ ստացած երկու թեկնածուները: Երրորդ փուլում Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որն ստանում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը:

Նշենք, որ ԱԺ-ում խմբակցությունները բաժանված են հետևյալ կերպ.

«Քաղաքացիական պայմանագիրն» -71 պատգամավոր,

«Հայաստան» դաշինք- 29 պատգամավոր,
«Պատիվ ունեմ» դաշինք 7 պատգամավոր- 1։ Իշխան Զաքարյանը լքել է «Պատիվ ունեմ» խմբակցությունը։

Հանրապետության նախագահն ընտրվում է յոթ տարի ժամկետով:

Հանրապետության նախագահ կարող է ընտրվել քառասուն տարին լրացած, վերջին վեց տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին վեց տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք:

Նույն անձը Հանրապետության նախագահ կարող է ընտրվել միայն մեկ անգամ:

Հանրապետության նախագահը չի կարող զբաղեցնել որևէ այլ պաշտոն, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք:

Հանրապետության նախագահն իր լիազորությունների իրականացման ընթացքում չի կարող լինել որևէ կուսակցության անդամ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր