Այլընտրանքային նախագծեր խմբի ղեկավար Վահե Հովհաննիսյանը գրում է. «Հայաստանի նախագահը, պարզվում է, Սենթ Քիթս և Նևիսի քաղաքացի է եղել, ու հենց դա ջրի երես է դուրս գալիս, հապճեպ արտագաղթում է երկրից ու Լոնդոնի իր բնակարանից հրաժարականի տեքստ հեռագրում իր ղեկավարած երկիր։ Եթե Արմեն Սարգսյանը հրաժարական տար իր աշխատավայրից, հետո քայլեր Երևանի փողոցներում, շփվեր հասարակ մարդկանց հետ, պատասխաներ նրանց հարցերին, հետո հրավիրեր հանրային դեմքերի՝ կիսվեր իր մտահոգություններով՝ սա կլիներ այլ պատմություն։ Բայց նա այդպես չի անում, որովհետև պետությունը և այնտեղ ապրող մարդիկ՝ մենք բոլորս, նրա համար երկրորդ սորտի երևույթներ ենք։ Հայաստանի վարչապետը ասուլիս է տալիս, որից պարզ է դառնում, որ Հայաստանը նա պատրաստվում է սարքել Սենթ Քիթս և Նևիսի նման մի բան։ Սա՝ լավագույն դեպքում։ Վարչապետի տեսլականը Հայաստանի մոտակա և երկարաժամկետ ապագայի մասին գտնվում է բացառապես ադրբեջանաթուրքական շահերի տիրույթում։ Նրա ձևակերպումները ազգային անարժանապատվության և ազգային-պետական անհեռանկարայնության բանաձևեր են։ Հայաստանում ընդդիմադիր համակարգերը գտնվում են զրոյական կառուցվածքային-կազմակերպչական մակարդակում։ Հենց այդ պատճառով էլ չկա հանրային լուրջ պրոցես, և թե´ նախագահի արտագաղթը, թե´ վարչապետի՝ Հայաստանի անարժանապատիվ ու ծայրահեղ վտանգավոր տեսլականի շնորհանդեսն անցնում են հուսահատված անտարբերության մթնոլորտում։ |