ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Ալիևը հայտնել է, որ լավ լուրեր է ստացել Երևանից
18:54, 25.01.2022 | mamul.am
15998 | 1

«Ես շատ ուրախ եմ, որ ձեր այցն Ադրբեջան սկսվեց ազատագրված հողերից։ Երեկ դուք Իրանից թռաք Ֆուզուլի, այցելեցիք և՛ Ֆիզուլի, և՛ Զանգիլան։ Մենք իսկապես գնահատում ենք դա»: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար, Տնտեսական համագործակցության ադրբեջանա-իրանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Ռոստամ Ղասեմիի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ:

«Հայրենական պատերազմից հետո (Ադրբեջանում այդպես են անվանում 44-օօրյա պատերազմը-խմբ.) ի հայտ եկան տարածաշրջանային համագործակցության հիանալի հնարավորություններ։ Պատերազմից հետո իրանա-ադրբեջանական հարաբերություններն այս ուղղությամբ է՛լ ավելի ընդլայնվեցին։ Այժմ ստեղծվել է շատ խոստումնալից հարթակ՝ 3+3-ը՝ տարածաշրջանային համագործակցությունը զարգացնելու համար։ Առաջին հանդիպումն արդեն կայացել է։ Վստահ եմ, որ այդ հանդիպումները կանցկացվեն կանոնավոր կերպով և կապահովեն տարածաշրջանի երկրների շահերը։ Միաժամանակ, վստահ եմ, որ մոտ ապագայում իրանական ընկերությունները կսկսեն ակտիվորեն աշխատել ազատագրված տարածքներում։ Էկոնոմիկայի նախարարությանը տրվել են համապատասխան հանձնարարականներ, նախնական բանակցություններ են վարվել իրանական կողմի հետ, այժմ սպասում ենք կոնկրետ արդյունքների։

Երեկ դուք նույնպես ծանոթացաք Զանգեզուրի միջանցքի ստեղծման ուղղությամբ տարվող աշխատանքներին։ Հաջողությամբ կառուցվում են ճանապարհներ և երկաթուղիներ: Մենք դրական լուր ենք ստանում. Հայաստանն իր հերթին նույնպես նախատեսում է սկսել աշխատանքները։ Մի խոսքով, ես հույս ունեմ, որ հետպատերազմյան շրջանը նոր հնարավորություններ կբացի ողջ տարածաշրջանի համար։ Իհարկե, շատ կարևոր է նաև Իրանի Իսլամական Հանրապետության ներդրումն այս գործում։

Ինչ վերաբերում է այլ հարցերին, երեկ Շահին Մուստաֆաևի հետ քննարկվել են Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի ստեղծման, Խուդաֆարինի հիդրոէլեկտրակայանի կառուցման, Աստարաչայի վրայով կամրջի կառուցման և այլ հարցեր, որոնք, իհարկե, առաջնահերթություն կունենան միջկառավարական հանձնաժողովի աշխատանքում։

Նշեմ նաև, որ նոյեմբերի վերջին իմ հանդիպումը Իրանի նախագահ պարոն Ռաիսիի հետ շատ հաջող էր և նոր հնարավորություններ է բացում իրանա-ադրբեջանական հարաբերությունների համար։ Սա նշանակում է, որ նոր էջ է բացվում մեր բարեկամական և եղբայրական հարաբերություններում»,- ասել է հակառակորդ երկրի նախագահը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր