«Transparency International» միջազգային ոչ կառավարական կազմակերպությունը հրապարակել է կոռուպցիայի ընկալման 2021 թվականի ցուցիչը (ինդեքս), ըստ որի` Թուրքիան 180 երկրների շարքում զբաղեցրել է 96-րդ տեղը: 2012 թվականից ի վեր Թուրքիան նահանջել է 42 հորիզոնականով և ստացել վերջին 10 տարվա ընթացքում ամենացածր գնահատականը, գրում «Էրմենիհաբեր»-ը: Անցյալ տարի հրապարակված՝ 2020 թվականի ինդեքսում Թուրքիան 40 միավորով զբաղեցրել է 86-րդ տեղը 180 երկրների շարքում։ Ըստ այդմ՝ Թուրքիան վերջին մեկ տարում հետընթաց է գրանցել 10 հորիզոնականով: Ըստ 2021 թվականի Կոռուպցիայի ընկալման ինդեքսի՝ ամենաքիչ կոռուպցիայով երկրների տասնյակում են Դանիան, Ֆինլանդիան, Նոր Զելանդիան, Նորվեգիան, Սինգապուրը, Շվեդիան, Շվեյցարիան, Նիդեռլանդները, Լյուքսեմբուրգը և Գերմանիան։ Տվյալները ցույց են տալիս, որ Թուրքիան համաշխարհային վարկանիշում ետ է մնում նույնիսկ այնպիսի երկրներից, որտեղ տնտեսական, սոցիալական և քաղաքական անկայունությունները մշտական բնույթ են կրում, և որոնք բացարձակապես առնչություն չունեն ժողովրդավարության հետ։ Թուրքիան զիջում է Բուրկինա Ֆասոին 17, Տրինիդադ և Տոբագոյին և Արևելյան Թիմորին՝ 14, Հնդկաստանին՝ 11 և Մարոկկոյի՝ 9 հորիզոնականով։ |