ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 459.40, EUR 484.07, RUB 7.40, GBP 571.03
+17 °C, +9 °C ... +20 °C Վաղը`+19 °C
Արժե ամառային արձակուրդների կրճատման հաշվին մի քիչ երկարեցնել ձմեռային արձակուրդները․ «Փաստ»
09:36, 27.01.2022 | mamul.am
2364 | 0

«Փաստ» օրաթերթը գրում է․ «Մենք արդեն տեղեկացրել ենք, որ պարբերաբար անդրադառնալու ենք հաճախակիացող այն խոսակցություններին, թե սուր շնչառական վարակների ակտիվացման հետ կապված՝ գուցե նպատակահարմար է ուսումնական հաստատություններում ընդհանրապես արձակուրդների «տեղաշարժ» կատարել, մասնավորաբար՝ դասապրոցեսը կազմակերպել հունիսին և ամառային արձակուրդը դարձնել երկու ամիս, փոխարենը մեկ ամիս հանգստանալու հնարավորություն տալ հունվարին:

Թեմայի հետ կապված՝ նախորդ անգամ թերթը ներկայացրել էր առողջապահական համակարգի մասնագետի տեսակետը, որը համաձայն չէր նման առաջարկին՝ նշելով, որ վերին շնչառական ուղիների վիրուսային հիվանդությունները հակված են շատանալու աշնանը և գարնանը, ուստի ուսումնական գործընթացը հունվարից հունիս տեղափոխելով՝ ոչինչ չի փոխվելու: Կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանին խնդրեցինք կարծիք հայտնել այս հարցի առնչությամբ` կրթական տեսանկյունից: «Խորհրդային ժամանակներից սկսած՝ ամռանը ուսհաստատություններում երեք ամիս արձակուրդ ունեինք:

Մինչդեռ, օրինակ, եվրոպական բուհերում, ուսհաստատություններում արձակուրդը տևում է 1,5 կամ 2 ամիս: Միևնույն ժամանակ, արձակուրդները հավասարաչափ բաշխվում են ուստարվա վրա: Արժե, որ մենք ևս գնանք նման փոփոխությունների, այսինքն` ամառային արձակուրդների կրճատման հաշվին մի քիչ երկարեցնենք ձմեռային արձակուրդներն ուսհաստատություններում:

Նման փոփոխությանը դրական եմ վերաբերվում: Տեսեք` ամռանը երեք ամիս, ըստ էության, որևէ բան չենք անում, բայց մեր աշակերտներն ու ուսանողները շատ ինտենսիվ աշխատում են մյուս ամիսներին: Այնպես որ, կողմնակից կլինեի, եթե ամառային արձակուրդների կրճատման հաշվին երկարեցվեին մյուս արձակուրդները և բաշխումը մոտավորապես հավասար կլիներ տարվա ընթացքում, ինչը հիմքեր կստեղծեր կրթության արդյունավետության բարձրացման համար»,- թերթի հետ զրույցում ասաց կրթության փորձագետը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր