ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 455.73, EUR 486.58, RUB 7.89, GBP 573.35
+15 °C, +10 °C ... +19 °C Վաղը`+19 °C
«Լինելով զարդեր պատրաստող ժողովուրդ՝ աշխարհին ներկայանալու համար չունենք գեթ մեկ գիրք-կատալոգ». Համլետ Հովսեփյան
00:06, 28.01.2022 | mamul.am
1579 | 0

Հայկական կիրառական արվեստի և այլ եզակի նմուշների կոլեկցիոներ Համլետ Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ընկերներիցս հաճախ են հետաքրքրվում, արդյո՞ք չեմ վախենում հայտնաբերածս զարդերը համացանցում տեղարդելուց ու դրանք հանրայնացնելուց։
Նկատել եմ նաև, որ ինձ շրջապատող շատ մարդիկ էլ զարդերին նայում են զուտ միայն որպես նյութական արժեք և իմ կողմից դրանք որպես մասունքներ ներկայացնելը համարում են չափազանցություն, ինչը շատ ցավալի ու անընդունելի է ինձ համար։
Կարծում եմ հայկական մշակույթն իր մեջ կրող յուրաքանչյուր հայ մարդ պետք է որ գոնե կիսով չափ համակարծիք լիներ ինձ հետ։
Չլինեին այս զարդերը` չէի լինի ես, ու միգուցե չլինեիք և ձեզանից յուրաքանչյուրդ։
Քանի կյանքեր են փրկել այս զարդերը հայոց ցեղասպանության և ընդհանրապես հայկական կոտորածների ժամանակ։ Քանի տոհմական պատմություններ են թաքցնում այս զարդերն իրենց մեջ` միայն Աստծուն է հայտնի։
Այո, համամիտ եմ, եթե մեր պապերը ժամանակից շուտ գիտակցեին ու նույն այս զարդերը վերածեին փամփուշտի, վստահաբար այսօր այլ Հայաստանում կապրեինք և շատ ավելի մեծ թվով հայրենակիցներով։
Բայց ինչպես ասում են` անցյալն արդեն անցյալում է և մեզ մնում է միայն ճիշտ դասեր քաղել ու շարժվել առաջ։
Ամեն անգամ մի նոր զարդ ձեռք բերելուց մտքիս ակամա գալիս է տատիկիս մորաքրոջ` Յաղութի հերոսական քայլը։
Ցեղասպանության ժամանակ տատիկիս մորաքույրը իր զարդերը տալով համագյուղացի քրդերին, կարողանում է փրկվել` իր երկու երեխաների հետ երկու օր թաքնվելով խոտի դեզի մեջ, մինչև բռնի տեղահանվածների քարավանը կհեռանար Մուշից։ Այնուհետ զոհաբերելով երկու զավակներին, Յաղութը փրկում է ամբողջ գերդաստանից ողջ մնացած մինուճար եղբորը` տատիկիս հորը` Ֆերիկին, այդպիսով փրկելով մեր տոհմական սյունը։
_ Այսօր ընկերներիցս շատերը կարծում են, թե ինքս ուղղակի հավաքորդ («կոլեկցիոներ») եմ և զարդեր հավաքելը զուտ հոբի է ինձ համար, ինչն իրականում այդպես չէ։
Արևմտյան Հայաստանի` ներկայիս Թուրքիայի հանրաապետության տարբեր քաղաքների թանգարաններ այցերն ու նախնիներիս պատմությունն է հիմնականում ոգեշնչել` փնտրել մեր կողմից գրեթե մոռացության մատնված հայկական զարդերն ու այլ իրեր և վերադարձնել դրանք իրենց արմատներին։
Մեր անգործության պատճառով, Արևմտյան Հայաստանի տարբեր շրջաններում գործունեություն ծավալած հայ արծաթագործների, գորգագործների, ասեղնագործների, կավագործների, մանրանկարիչների և կիրառական արվեստի այլ ճյուղերում մասնագիտացված մյուս վարպետների աշխատանքները թե միտումնավոր և թե ոչ միտումնավոր կերպով այսօր աշխարհում վերագրում են թուրքերին, քրդերին, արաբներին, պարսիկներին, ռուսներին, բալկանյան երկրներին և այլ ժողովուրդների, բայց ոչ երբեք հայերիս։
_Դեռևս անտիկ ժամանակներից լինելով զարդեր պատրաստող ու դրանք կրող ժողովուրդ, աշխարհին ներկայանալու համար մինչ օրս չունենք գեթ մեկ ամբողջական գիրք կատալոգ, որտեղ ներկայացված կլինեն մեր նախնիներից մեզ ժառանգած զարդերի շքեղ հավաքածուն։ Տեսնելով ներկայիս անփույթ վերաբերմունքը, որ տածում ենք մեր մշակույթի հանդեպ, զարդերի թանգարան ունենալու մասին նույնիսկ անիմաստ է բարձրաձայնել։
Չնայած այն անձնական զոհաբերություններին, որոնց գնում եմ զարդերն ու մյուս նմուշները հայտնաբերելու և ձեռք բերելու համար, Հպարտ եմ, որ թեկուզ և ինձ զրկելով նյութական շատ հաճույքներից, կարողանում եմ մեր պապերի ստեղծած հարուստ մշակութային ժառանգությունից մեկ փոքրիկ նշույլ փրկել վերջնական անհետացումից։
Պետք է գիտակցենք, որ բոլորս անցավոր ենք այս աշխարհում,
Իսկ ահա մեր հազարամյա մշակույթը` հավերժ մնայուն։
Ուրեմն պարտավոր ենք վերագտնելու մեր նախնիների կերտած հզոր մշակութային ժառանգությունը, հարստացնելու այն և փոխանցելու գալիք սերունդներին, քանզի պատմությունը ցույց է տալիս, որ սեփական մշակույթից հեռացած ժողովուրդները դատապարտված է ինքնաոչնչացման»:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր