ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Պայթյուններ ու հրդեհ՝ Ուկրաինայի հետ սահմանակից Բելգորոդ քաղաքի նավթաբազայում
11:34, 01.04.2022 | mamul.am
9647 | 0

Ռուսաստանի՝ Ուկրաինային սահմանակից Բելգորոդ քաղաքի նավթի պահեստում հրդեհ է բռնկվել, հայտնել է շրջանի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։ Նա պնդում է, որ հրդեհն սկսվել է Ուկրաինայի զինված ուժերի երկու ուղղաթիռների ավիահարվածի պատճառով։ Տուժել է բազայի երկու աշխատակից, նրանց կյանքին ոչինչ չի սպառնում։ Նավթի պահեստը պատկանում է «Ռոսնեֆտ»-ին, ողջ անձնակազմը տարհանվել է:

«Նավթի պահեստում հրդեհը տեղի է ունեցել Ուկրաինայի զինված ուժերի երկու ուղղաթիռների ավիահարվածի հետևանքով, որոնք Ռուսաստանի տարածք են մտել ցածր բարձրության վրա։ Զոհեր չկան... Բնակչությանը ոչինչ չի սպառնում»,- ասված է նահանգապետի հայտարարությունում։

Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարությունից էլ հայտնել են, որ նավթի պահեստում վառելիքով տանկեր են բռնկվել։ Բարդության երկրորդ աստիճանի հրդեհի մարմանը մասնակցել է մոտ 70 մարդ և 20 միավոր տեխնիկա։
BBC-ի ռուսական ծառայությունը նշում է, որ ուկրաինական կողմից հաստատումներ կամ հերքումներ չկան։ Բելգորոդի նահանգապետը դեռ պարզաբանումներ և ապացույցներ չի տվել՝ արդյոք դրանք իսկապե՞ս ուղղաթիռներ էին, արդյոք դրանք ուկրաինական ուղղաթիռներ էին, ինչպես են նրանք շրջանցել ռուսական հակաօդային պաշտպանությունը պատերազմական պայմաններում և այլն։

Բելգորոդը գտնվում է Ուկրաինայի սահմանից մոտ 30 կմ հեռավորության վրա, իսկ Խարկովից 60 կմ հեռավորության վրա, որը պատերազմի առաջին օրերից ռմբակոծվում և գնդակոծվում է ռուսների կողմից։

Այս շաբաթ մի շարք պայթյուններ են տեղի ունեցել Բելգորոդի շրջանի Օկտյաբրսկի գյուղի տարածքում։ Ենթադրվում է, որ պայթյունները տեղի են ունեցել զինամթերքի պահեստում բռնկված հրդեհի հետևանքով: Զոհեր կամ վիրավորներ խաղաղ բնակչության շրջանում չկան։

Պայթյուններ ու հրդեհ՝ Ուկրաինայի հետ սահմանակից Բելգորոդ քաղաքի նավթաբազայում
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր