ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +25 °C Վաղը`+26 °C
Հայտնի է՝ երբ տեղի կունենա «Մանկական Եվրոտեսիլ»-ը
17:00, 06.04.2022 | mamul.am
65418 | 0

Եվրոպական հեռարձակողների միությունը և Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը ուրախ են տեղեկացնել, որ Մալենայի փայլուն հաղթանակից հետո «Մանկական Եվրոտեսիլ» երգի 20-րդ մրցույթը դեկտեմբերի 11-ին տեղի կունենա Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը նշում է. «Մեզ համար մեծ պատիվ է «Մանկական Եվրոտեսիլ» երգի 20-րդ մրցույթը հյուրընկալել աշխարհի ամենահին մայրաքաղաքներից մեկում՝ Երևանում: Հանրային հեռուստաընկերությունը և Եվրոպական հեռարձակողների միությունն անելու են առավելագույնը, որ հոբելյանական՝ 20-րդ «Մանկական Եվրոտեսիլն» իր կոնցեպտով և շոուով հիշարժան լինի թե՛ մրցույթի մասնակիցների, թե՛ բազմամիլիոնանոց հեռուստալսարանի համար: Մենք ջանք չենք խնայելու, որ տարեվերջին երաժշտական հրաշքն իրականություն դարձնենք Երևանում»:

«Մանկական Եվրոտեսիլը» Երևանը հյուրընկալում է արդեն երկրորդ անգամ՝ 2011թվականին Վլադիմիր Արզումանյանի «Մամա» երգի հաղթանակից հետո: Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ» մրցույթի պատմության ամենահաջողակ երկներից մեկն է՝ 14 անգամ մասնակցել է և միշտ լավագույն տասնյակում տեղ է զբաղեցրել:

«Մանկական Եվրոտեսիլի» գործադիր ղեկավար Մարտին Օսթերդալը նկատում է. «Հայաստանին հաղթանակ բերած տարբերվող ու ժամանակակից «Քամի-քամի» երգը նոր նշաձող է սահմանել մեր մրցույթում, և մենք կասկած չունենք, որ Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը գերազանց շոու կկազմակերպի հոբելյանական այս տարում: Մենք ոգևորութամբ սպասում ենք Հանրային հեռուստաընկերության հետ ինտենսիվ աշխատանքին: Անհամբեր ենք տեսնելու, թե ինչպես են Երևանի մեր գործընկերները գործի դնելու այն բացառիկ ոգևորությունն ու ավյունը, որ ունեն «Մանկական Եվրոտեսիլ» մրցույթի հանդեպ»։

Միջոցառման մասին այլ մանրամասները կհրապարակվեն առաջիկա ամիսներին։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր