ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Դիլիջանի թիվ 2 դպրոցի աշակերտների ծնողները բողոքել են դրամահավաքությունից». Ոսկան Սարգսյան
02:06, 14.05.2022 | mamul.am
3951 | 0

Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը. «Դիլիջանի թիվ 2 դպրոցի աշակերտների ծնողները բողոքել են դրամահավաքությունից

Լրագրողիս են դիմել Դիլիջան քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցի աշակերտների ծնողներ, ովքեր բողոքել են, որ դպրոցի դասասենյակները նորոգելու համար ծնողներից 10 հազարական դրամի հավաք է կազմակերպվում, որպեսզի այդ կերպ նորոգվի դասասենյակը։ Ծնողների խոսքերով՝ դպրոցի շենքը վատ վիճակում է, դասասենյակների հատակի մանրատախտակը պոկված է։ Ծնողներն ասացին, որ իրենք սոցիալական վատ վիճակում են գտնվում, կարիքավոր ընտանիքների համար դժվար է իրենց երեխայի դասասենյակի նորոգման համար 10 հազար դրամ տալը։

Նրանք վկայեցին, որ Դիլիջանի թիվ 2 դպրոցի տնօրեն Մարինե Մեջինյանը ծնողների հանգանականած փողերով դասարանների նորոգման գործն սկսել է 4-րդ դասարանում սովորող իր թոռնուհու դասարանից, որը վերանորոգվել է։

Զանգահարեցի Մարինե Մեջինյանին, նա ասաց, որ իրենց դպրոցի 5-րդ դասարանի դասասենյակի նորոգումը նախաձեռնել են այդ դասարանի աշակերտների ծնողները, ովքեր ցանկացել են դասարանն ավելի նորոգ դարձնել, այդ դասարանի աշակերտների ծնողներից ոչ մեկը չի առարկել դրա դեմ։ Տնօրենն ընդունեց, որ որոշ ծնողներ ամաչելով հայտնել են, որ իրենք կարիքավոր են, այդ գումարը չունեն, առերևույթ համաձայնվել են դրամահավաքին։ Մ․ Մեջինյանն ասաց, որ իր թոռնիկի դասասենյակը նորոգվել է 3 տարի առաջ, երբ նա սովորում էր առաջին դասարանում, այդ կապակցությամբ Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության աշխատակից Խաչիկ Խաչատրյանը եղել է Դիլիջանի թիվ 2 դպրոցում, համոզվել, որ գումար հանգանակելու համար ծնողների հանդեպ պարտադրանք չի եղել։ Մ․ Մեջինյանին հարցրի, թե ինքը դիմե՞լ է Տավուշի մարզպետարան, որպեսզի դպրոցի դասասենյակների վերանորոգման համար պետական բյուջեից գումարներ հատկացվեն։ Նա ասաց, որ իրենց դպրոցը վատ վիճակում չի գտնվում, Տավուշի մարզում կան դպրոցներ, որոնց շենքերն առաջնահերթ նորոգման կարիք ունեն, իրենց դպրոցի երկու մասնաշենքերից մեկը հին է, դպրոցի պահպանման ծախսերից գումարներ են օգտագործում մասնակի նորոգումներ կատարելու համար։

Նա ասաց, որ Իտալիայում բնակվող իրենց դպրոցի շրջանավարտներից մեկը ցանկություն է հայտնել հարազատ դպրոցին օգնելու և նրա ֆինանսներով դպրոցի սանհանգույցը նորոգվել է։ Մ․ Մեջինյանը հայտնեց, որ մտադիր են առաջիկայում նորոգել դպրոցի ֆիզիկայի և քիմիայի լաբորատորիաները։

Նյութն արդեն պատրաստել էի, երբ ինձ զանգահարեց 5-րդ դասարանի ծնողական կոմիտեի նախագահը, ով ներկայացավ որպես Արմինե՝ չնշելով իր ազգանունը։ Նա հայտնեց, որ դասասենյակը նորոգելու համար ծնողները երկու անգամ ժողով են արել, 32 ծնողից ոչ մեկը չի առարկել այդ նպատակով 10 հազար դրամ հավաքելու վերաբերյալ, պայմանավորվել են այդ գումարը հավաքել երկու անգամից՝ 5 հազարական դրամով, գումարները դեռ հանգանակված չեն, որոշել են դասասենյակի նորոգումն իրականացնել հունիսին։ Դրանից հետո ինձ զանգահարեցին բողոքող ծնողները և հայտնեցին, որ դպրոցի տնօրեն Մ․ Մեջինյանն այսօր՝ մայիսի 13-ին, ժողով է նախաձեռնել։

Հավելեմ, որ Տավուշի մարզի հանրակրթական շատ դպրոցների շենքեր գտվում են վատ վիճակում, սակայն պետական բյուջեից գումարներ չեն հատկացվում դրանք նորոգելու համար։ Պետբյուջեի միջոցները ծախսվում են մարզպետարանի պաշտոնյաներին պարբերաբար պարգևատրելու նպատակով։ 2021 թվականի առաջին 10 ամիսներին Տավուշի մարզպետարանի աշխատողները պետական բյուջեից պարգևատրվել են 68 միլիոն դրամի չափով»։

Աղբյուրը` Ոսկան Սարգսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր