Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանի գրառումը․ «Պուտինի ռազմաքաղաքական խելացնոր արկածախնդրությունն Ուկրաինայի դեմ հասցրեց նրան, որ ցայսօր որևէ ռազմական դաշինքի չանդամակցած և չեզոքություն պահպանած Շվեդիան և Ֆինլանդիան ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ են ներկայացնում: Ակնհայտ է, որ այս երկու պետությունները կընդունվեն ՆԱՏՕ: Արևելյան իմաստությունը հավաստում է՝ այն, ինչից համառորեն փախչում ես, ի վերջո, քեզ է հասնում-բռնում է: ՆԱՏՕ-ի հանդեպ Պուտինի թշնամանքն ու տագնապը հասցրեցին նրան, որ ՆԱՏՕ-ն ուղղակի Ռուսաստանի դարպասներին է մոտենալու: Պուտինն այրել է հետադարձի բոլոր կամուրջները. թե՛ Ռուսաստանը, թե՛ նրա հարևաններին, թե՛ աշխարհը մատնելով խելահեղության հորձանքին: Եվ այս խելահեղության հրդեհում Երևանի Մոսկվայի տուն կոչված շենքի վրա ծածանվում է ԽՍՀՄ դրոշը: Եթե հայերից ոմանք սիրում են նետվել հրդեհի ճիրանների մեջ, որ այրվեն Ռուսաստանի հետ, դա թերևս իրենց ողջամտության և հոգեկան առողջության խնդիրն է, սակայն երբ մեր երկիրն են փորձում հրո ճարակ դարձնել՝ խորհրդային լաթով սեփական ստրկամտությունն ու դավաճանությունը ծածանելով, դա արդեն օրենքի և պատժի խնդիր է: Շիկացած և սահմանային ժամանակներում մարդիկ միշտ ցուցաբերում են այն հատկությունները, որոնք սովորաբար քողարկված-չբացահայտված են լինում առավել հանդարտ իրավիճակներում: Այս ողբերգության զավեշտն այն է, որ ՆԱՏՕ-ն հասավ Ռուսաստանի դարպասների մոտ, իսկ Հայաստանը վերադարձավ Խորհրդային Միություն»: |