ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+7 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«ՆԱՏՕ-ն ուղղակի Ռուսաստանի դարպասներին է մոտենալու». Նարինե Մկրտչյան
17:21, 16.05.2022 | mamul.am
3407 | 0

Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանի գրառումը․ «Պուտինի ռազմաքաղաքական խելացնոր արկածախնդրությունն Ուկրաինայի դեմ հասցրեց նրան, որ ցայսօր որևէ ռազմական դաշինքի չանդամակցած և չեզոքություն պահպանած Շվեդիան և Ֆինլանդիան ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ են ներկայացնում: Ակնհայտ է, որ այս երկու պետությունները կընդունվեն ՆԱՏՕ:

Արևելյան իմաստությունը հավաստում է՝ այն, ինչից համառորեն փախչում ես, ի վերջո, քեզ է հասնում-բռնում է:

ՆԱՏՕ-ի հանդեպ Պուտինի թշնամանքն ու տագնապը հասցրեցին նրան, որ ՆԱՏՕ-ն ուղղակի Ռուսաստանի դարպասներին է մոտենալու:

Պուտինն այրել է հետադարձի բոլոր կամուրջները. թե՛ Ռուսաստանը, թե՛ նրա հարևաններին, թե՛ աշխարհը մատնելով խելահեղության հորձանքին:

Եվ այս խելահեղության հրդեհում Երևանի Մոսկվայի տուն կոչված շենքի վրա ծածանվում է ԽՍՀՄ դրոշը:

Եթե հայերից ոմանք սիրում են նետվել հրդեհի ճիրանների մեջ, որ այրվեն Ռուսաստանի հետ, դա թերևս իրենց ողջամտության և հոգեկան առողջության խնդիրն է, սակայն երբ մեր երկիրն են փորձում հրո ճարակ դարձնել՝ խորհրդային լաթով սեփական ստրկամտությունն ու դավաճանությունը ծածանելով, դա արդեն օրենքի և պատժի խնդիր է:

Շիկացած և սահմանային ժամանակներում մարդիկ միշտ ցուցաբերում են այն հատկությունները, որոնք սովորաբար քողարկված-չբացահայտված են լինում առավել հանդարտ իրավիճակներում:
Իրավիճակը բարդանում է, երբ նման մարդիկ իշխանություն ունեն. այն էլ՝ Ռուսաստանի պես մեծ երկրում: Եվ կամ՝ ՌԴ մայրաքաղաքի անվամբ անվանակոչված շենքի վրա:

Այս ողբերգության զավեշտն այն է, որ ՆԱՏՕ-ն հասավ Ռուսաստանի դարպասների մոտ, իսկ Հայաստանը վերադարձավ Խորհրդային Միություն»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր