ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+24 °C
«Ադրբեջանական իշխանությունները մեծ ջանքեր են գործադրել այս տարածքին տիրելու համար». Արման Թաթոյան
11:30, 16.05.2022 | mamul.am
6935 | 0

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի գրառումը. «Ադրբեջանական իշխանությունները միշտ են հավակնություններ ունեցել Հայաստանի այն տարածքների նկատմամբ, որոնք կարող էին տալ բաժանելու, Հայաստանի տարածքի մեջ սեպի նման խրվելու և ճանապարհների ու ռազմավարական ենթակառուվածքների նկատմամբ վերահսկողություն ունենալու հնարավորություն: Բայց դրանց հետո էլի կանգ չեն առել ու նույն քաղաքականությունը շարունակել են արդեն նոր տարածքների նկատմամբ:

Օրինակ՝ 1918-1920թթ. Առաջին Հանրապետության կազմում, իսկ հետո էլ մինչև 1924թ. Խորհրդային Հայաստանի կազմում է եղել հայկական Բարանա (ներկայում՝ Նոյեմբերյան, Տավուշի մարզ) և ադրբեջանական Ղայմախլի (Ղայմախլու) գյուղերի միջև գտնվող 1002 դեսյատին տարածքով «Աջի» տեղամասը:

Այս վայրի անտառները եղել են զգալի ծառաշատ, իսկ արոտավայրերը` անասնապահության համար չափազանց հարմար, ուստի և գյուղացիների համար ունեցել են կենսական կարևորություն: Ունեցել են անվտանգության ռազմավարական նշանակություն:

Ադրբեջանական իշխանություններն այդ ժամանակ մեծ ջանքեր են գործադրել այս տարածքին տիրելու համար՝ գիտակցելով, որ այդ դեպքում հնարավորություն կունենան Հայաստանի հյուսիսարևելյան տարածքները կտրել իրարից, վերահսկողություն սահմանել ճանապարհների նկատմամբ:

ՀԽՍՀ գյուղերի բնակիչների իրավունքների համար այս լուծումը լրջագույն խնդիրներ էր ստեղծելու ոչ միայն սոցիալ-տնտեսական, այլ նաև անվտանգության տեսանկյունից:

Արդյունքում՝ Անդրկովկասի կենտրոնական գործադիր կոմիտեի հողային հանձնաժողովի 1924թ. հոկտեմբերի 31-ի որոշմամբ ՀԽՍՀ-ին պատկանող «Աջի» տեղամասի հյուսիսարևելյան մասը` 612 դեսյատին տարածքով, հանձնվել է Ադրբեջանի ԽՍՀ-ին, իսկ հարավարևմտյան մասը` 390 դեսյատին տարածքով, ՀԽՍՀ-ին: Այսինքն՝ Հայաստանը զրկվել է այդ տարածքի մեծ մասից:

Չպետք է մոռանալ, որ ադրբեջանական քաղաքականությունը տարիների ընթացքում այդպես էլ չի փոխվել: Հայաստանյան այդ ժամանակվա կառավարութուններն անուշադրության են մատնել գյուղացիների իրավունքների հարցերը, մարդկանց անվտանգությունը՝ սահմանային հարցերը դիտարկելով տարածքային-քաղաքական ու մեխանիկական մոտեցումներով»:

Աղբյուրը` Արման Թաթոյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր