ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +8 °C Վաղը`+11 °C
«Վերջին շաբաթների իրարանցման մեջ շատերի ուշադրությունից վրիպեց մի շատ կարևոր որոշում». Վահե Դավթյան
18:12, 16.05.2022 | mamul.am
4204 | 1

Էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանի գրառումը. «Վերջին շաբաթների իրարանցման մեջ շատերի ուշադրությունից վրիպեց մի շատ կարևոր որոշում, որի մասին հայտարարեցին ՀՀ պսևդո-իշխանությունները: Խոսքն այս աշնանը Հայաստանում նիդերլանդա-բրիտանական Shell ընկերության բենզալցակայանների ցանցի ստեղծման մասին է: Որոշում, որի հիմքում դրված է առավելապես աշխարհաքաղաքական, քան կոմերցիոն նպատակ:

Նախ՝ փարատեմ շատերի մտավախությունները կապված այս գործարքի արդյունքում Հայաստան ադրբեջանական նավթամթերքի ներկրման հետ: Ադրբեջանն ինքն ունի նավթավերամշակման խնդիր, իսկ երկրում գործող միակ նավթավերամշակման գործարանը չի մոդեռնիզացվել 1976-ից ի վեր: Արդյունքում Ադրբեջանում սպառվող նավթամթերքի զգալի մասը ներկրվում է: Լինելով նավթ արդյունահանող երկիր՝ Ադրբեջանն այդպես էլ չկարողացավ նավթադոլարների հսկայական հոսքն ուղղել սեփական արդյունաբերության զարգացմանը: Առավել ևս չի կարող անել դա այսօր, երբ գտնվում է «հաղթանակի» հսկայական բեռի տակ:

Սակայն դա ամենևին չի նվազեցնում Հայաստան Shell-ի մուտքի ռիսկերն ու վտանգները: Այո՛, ընկերությունը տարիներ առաջ տնօրինել է ադրբեջանական «Ինամ» նավթագազային հանքավայրի 25%-ը, սակայն վաճառել է սեփական բաժնեմասն ու այսօր Ադրբեջանում գործում է բացառապես ավտոյուղերի սեգմենտում:

Shell-ի մուտքը Հայաստան անհրաժեշտ է դիտարկել լիովին այլ համատեքստում: ՀՀ պսևդո-իշխանությունների վերջին շրջանում ակտիվորեն աշխատում են հայաստանյան էներգետիկ շուկայում ռուսական կապիտալի դիրքերի խարխլման ուղղությամբ, ինչը տեղավորվում ավելի լայն՝ որոշ արևմտյան մայրաքաղաքներում մշակված ռազմավարության մեջ:

Հատկանշական է, որ վերջերս Երևանի ու Վաշինգթոնի կողմից ընդունված ռազմավարական երկխոսության հաստատման մասին հայտարարության մեջ առանցքային տեղ է զբաղեցնում էներգետիկ համագործակցությունը՝ հատկապես միջուկային էներգետիկայի ոլորտում: Ու դա այն պայմաններում, երբ ընդամենն ամիսներ առաջ ռուսական կողմը հայտարարել է Հայաստանում նոր ԱԷԿ կառուցելու մասին ու առհասարակ ավանդաբար հանդիսանում է այս ոլորտում մեր առանցքային գործընկերը:

Նույն տրամաբանության ներքո էլ Հայաստան է բերվում Shell-ը: Վերջինս, ի դեպ, մոտ մեկ ամիս առաջ պաշտոնապես լքեց ռուսաստանյան շուկան՝ վաճառելով բենզալցակայանների ցանցը, վերամշակման գործարանն ու դուրս գալով «Սախալին-2» նախագծից:

Պարզ է, որ մուտք գործելով հայկական շուկա՝ Shell-ը չի համագործակցելու նաև «Ռոսնեֆտի» հետ, որն առայժմ շարունակում է հանդես գալ որպես Հայաստանում բենզինի ու դիզվառելիքի գլխավոր մատակարար:

Սա ոչ այլ ինչ է, քան Հայաստանում Մոսկվայի դիրքերի թուլացմանն ուղղված քայլ: Իսկ թե ինչով կարող է լրացվել Հայաստանից ռուսական գործոնի դուրսմղման արդյունքում ձևավորված վակուումը, կռահում ենք բոլորս»:

Աղբյուրը` Վահե Դավթյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր