Էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանի գրառումը. «Այսօր Իրանում աշխատանքային այցով գտնվող ՀՀ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների պսևդո-նախարարը պաշտոնական հանդիպման ժամանակ ասել է, որ Իրանից Հայաստան բիտումը պետք է հասցվի ավելի ցածր գնով: Պատճառաբանումը պարզ էր՝ Հայաստանում արագ տեմպերով զարգանում է ասֆալտի գործը, իսկ բիտումի բարձր գինը «որոշակի դժվարություններ է առաջացնում»: Էս մարդիկ այդպես էլ չսովորեցին աշխատել արտաքին աշխարհի հետ: Այդպես էլ չհասկացան՝ ինչ բան է արտաքին հարաբերությունները, դիվանագիտական խոսույթը: Նախ՝ նման գնային հարցեր ընդհանրապես չի կարելի քննարկել բաց հանդիպումների ժամանակ՝ մեդիաների ներկայությամբ: Դրանք խիստ կոմերցիոն բնույթի հարցեր են, որոնք ենթադրում են բացառապես կուլուարային քննարկում: Դրանց հանրայնացումն էական վնաս է հասցնում տվյալ դեպքում հայ-իրանական երկկողմ հարաբերություններին՝ հաշվի առնելով, որ ինչ-ինչ պատճառներից ելնելով Թեհրանը կարող է և չիջեցնել գինը: Մյուս կողմից, պարադոքսը նրանում է, որ հայատյաց ռեժիմը զիջել է Գորիս-Կապան միջպետական մայրուղու 21 կմ հատվածը թշնամուն, պարալիզացրել այդ ուղղությամբ հայ-իրանական բեռնափոխադրումները, չի կարողացել հավուր պատշաճի ապահովել այլընտրանքային ճանապարհի տեխնիկական անվտանգությունը, ձախողել է բազմաթիվ հայ-իրանական նախաձեռնություններ, պամտության գիրկն ուղարկել Մեղրիի ազատ տնտեսական գոտին, խաղեր է տալիս Թեհրանի թշնամիների հետ, ու այդ ամենից հետո պահանջում է Թեհրանից գին իջեցնել Հայաստան մատակարարվող բիտումի համար»: |