ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
ԱԱԾ-ն՝ Արմեն Գրիգորյանին ձերբակալելու պատճառների մասին
20:36, 17.05.2022 | mamul.am
5675 | 3

ԱԱԾ-ն հայտնել է, թե ՀՀ քրեական օրենսգրքի որ հոդվածով են ձերբակալել պրոդյուսեր Արմեն Գրիգորյանին։

Հաղորդագրությունը՝ ստորև․
«Համացանցում և զանգվածային լրատվության միջոցներում հրապարակվել են «Հայելի» ակումբում և այլ տեղերում պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի կողմից տրված հարցազրույցները, որոնց ժամանակ վերջինս, անտեսելով ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված՝ մարդու արժանապատվության անխախտելիության սկզբունքը, հրապարակայնորեն նվաստացրել է Շիրակի և Արարատյան դաշտավայրերի բնակչության ազգային արժանապատվությունը և մտացածին գաղափարներով կասկածի տակ դրել նրանց էթնիկ ծագումնաբանությունը:

ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ազգային արժանապատվությունը հրապարակայնորեն նվաստացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Արմեն Գրիգորյանը ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու համար ձերբակալվել է, միաժամանակ քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան` նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար:

Ազգային անվտանգության ծառայությունը զգուշացնում է, որ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում այսուհետ ևս հետամուտ է լինելու ազգային արժանապատվությունը նվաստացնելուն, ազգային թշնամանք հարուցելուն ուղղված նմանատիպ դրսևորումները չեզոքացնելու համար և համարժեք միջոցներ է ձեռնարկելու` կատարված հանցագործության դեպքերի բացահայտման ու մեղավորներին քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ, միաժամանակ տեղեկացնում, որ նշված հանցավոր արարքի համար ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված է ազատազրկում` 3-6 տարի ժամկետով»։

ԱԱԾ-ն՝ Արմեն Գրիգորյանին ձերբակալելու պատճառների մասին
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր