ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+8 °C, +6 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Արմեն Գևորգյանի հայտարարությունը՝ ԵԽԽՎ-ում
16:00, 18.05.2022 | mamul.am
4890 | 0

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ-ի երեխաների հարցերի ենթահանձնաժողովի այսօրվա նիստում հանդես է եկել հայտարարությամբ։ Այն պատգամավորը հրապարակել է թելեգրամյան իր ալիքում:

«Հարգելի՛ գործընկերներ,

Կցանկանայի խոսել այն փաստի մասին, որ Եվրոպայի խորհրդի տարածքում կան տեղեր, որտեղ երեխաների իրավունքները, նրանց խնդիրներն ու դժվարությունները դուրս են մեր ուշադրությունից։ Դրանք չկարգավորված հակամարտություններն են:

Այս առումով մենք պետք է խոսենք ոչ այնքան այն մասին, թե ինչպես աշխատել և ճիշտ շփվել երեխաների հետ, այլ՝ թե ինչպես գտնել ուղիներ և մեխանիզմներ, որպեսզի հակամարտության գոտիներում գտնվող երեխաները հասանելի լինեն միջազգային կազմակերպությունների համար:

Վեհաժողովի վերջին նստաշրջանի ժամանակ Մարդու իրավունքների հանձնակատարը հայտարարեց, որ չի կարողանում այցելել Լեռնային Ղարաբաղ և տեղում ծանոթանալ իրավիճակին։ Ադրբեջանի իշխանությունները դեմ են նման այցին։ Ինչո՞ւ։ Որովհետև նա կարող է տեսնել, թե ինչպես են Ադրբեջանի իշխանությունները վախի և ապագայի անորոշության մթնոլորտ ստեղծում, հատկապես՝ երիտասարդ սերնդի համար։

Գտնվելով Լեռնային Ղարաբաղում՝ մեր կազմակերպության ներկայացուցիչները կարող են հարցնել այդ հանրապետության երիտասարդներին՝ պատկերացնո՞ւմ են այն որպես Ադրբեջանի մաս, որը փորձում է ոչնչացնել իրենց հայրենիքը։ Նրանք կստանան այն հարցի պատասխանը, թե հնարավո՞ր է արդյոք ապրել մի պետության կազմում, որը վերջերս Լեռնային Ղարաբաղը զրկեց գազամատակարարումից և բնակչությանը կանգնեցրեց ծայրահեղ հումանիտար աղետի առաջ։

Ավելի քան երեսուն տարի սովորական եվրոպացի երեխաներ են ապրում անկախ Լեռնային Ղարաբաղում։ Միայն մեկ տարբերությամբ՝ նրանց մեջ հայրենասիրության և արդարության զգացումն ավելի սուր է։ Ի տարբերություն Եվրոպայի իրենց հասակակիցներից շատերի՝ նրանք գիտեն, թե ինչ են պատերազմն ու խաղաղությունը, գլոբալացման դարաշրջանում նրանք հստակ հասկանում և գիտակցում են, թե ինչ է անկախությունը, ինչպես է այն ձեռք բերվում և պահպանվում։ Նրանք հազվադեպ երևույթ են ժամանակակից Եվրոպայի համար. նրանք անկախության սերունդն են։

Ուստի խաղաղության հայեցակարգը, որն այլընտրանք չունի ողջ տարածաշրջանի համար, պետք է Ղարաբաղի երեխաներին ընձեռի սեփական երկրում ազատ ու ապահով ապրելու և ապագայի հանդեպ վստահ լինելու հնարավորություն։ Ցանկացած այլ լուծում իրական խաղաղություն և կայունություն չի բերի ողջ Հարավային Կովկասում։

Առաջարկում եմ մտածել, թե ինչպես կարող է ղարաբաղցի տղաների և աղջիկների ձայնը լսելի դառնալ մեզ համար և թե ինչպես կարող են նրանք ներգրավվել համաեվրոպական երկխոսության գործընթացներում՝ պաշտպանելու համար իրենց իրավունքներն ու ազատությունները։

Շնորհակալություն»:

Աղբյուրը` Արմեն Գևորգյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր