ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 407.95, EUR 426.35, RUB 7.46, GBP 491.82
+25 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+29 °C
«Դիմել ենք Լիտվայի նախագահին՝ առաջարկելով վաղը հանդիպել նաև մեզ հետ»․ Իշխան Սաղաթելյան
18:54, 18.05.2022 | mamul.am
1871 | 1

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանի գրառումը․ «Սիրելի հայրենակիցներ, վաղը Հայաստան է ժամանելու Լիտվայի Հանրապետության Նախագահ Գիտանաս Նաուսեդան։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանը չի արտահայտում հայ ժողովրդի կամքը և, հետևաբար, այլևս լեգիտիմ չէ՝ նամակով դիմել ենք Լիտվայի Հանրապետության Նախագահ պարոն Նաուսեդային՝ առաջարկելով վաղը հանդիպել նաև մեզ հետ՝ Հայաստանում ստեղծված իրավիճակը և մեր ժողովրդին իրապես մտահոգող խնդիրները ներկայացելու համար: Ստորև ներկայացնում եմ նամակի բովանդակությունը.
«Մեծարգո պարոն Նախագահ,
Տեղեկացանք Հայաստանի Հանրապետություն Ձեր այցի մասին։
Լիտվայի և Հայաստանի միջև բարեկամությունը դարերի պատմություն ունի, լիտվացի և հայ ժողովուրդները 1988թ.-ի ազգային-ժողովրդավարական զարթոնքի և անկախության համար մղվող պայքարի առաջամարտիկներն էին։ Մենք ջերմությամբ ենք հիշում լիտվացիների վերաբերմունքնը Արցախի անկախացման գործընթացին և այն սատարումը, որ ստացել ենք Լիտվայի ժողովրդի կողմից Արցախյան շարժման ժամանակ։
Այսօր Դուք Հայաստան եք այցելում հայերի համար շատ ծանր ժամանակահատվածում. Հայաստանի Հանրապետության հարյուր-հազարավոր քաղաքացիներ մտահոգված են 44-օրյա պատերազմից հետո ստեղծված տարածաշրջանային և ներքաղաքական օրակարգով։ Տևական ժամանակ է՝ այդ քաղաքացիների հետ միասին, մենք պայքար ենք մղում հանուն արժանապատվության վերականգնման և ժողովրդավարական արժեքների պահպանման և բարձրաձայնում մեր անհանգստությունները Երևանի փողոցներից և Ֆրանսիայի հրապարակում տեղադրված վրանային քաղաքից, որի կողքով անցնելու է Ձեր ավտոշարասյունը։
Ցավոք, Ձեր այցը Հայաստանի Հանրապետություն կարող է ՀՀ իշխանությունների կողմից դիտարկվել և շահարկվել՝ որպես սատարում գործող իշխանությունների կողմից վարվող բիրտ ու հակաժողովրդավարական քաղաքականությանը։ Այս օրերի ընթացքում հազարավոր մեր քաղաքացիներ բերման են ենթարկվել, նրանց նկատմամբ կիրառվել է բիրտ և անհամաչափ ուժ, ակնհայտ սահմանափակվել են նրանց խոսքի, ազատ տեղաշարժի, երթերի ու հանրահավաքների անցկացման, ինչպես նաև քաղաքացիների խաղաղ անհնազանդության իրավունքները։
Մենք՝ «Դիմադրություն» համահայկական շարժման ներկայացուցիչներս, ամենայն հարգանքով, Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այն փաստը, որ Հայաստան Ձեր պաշտոնական այցի շրջանակներում այն անհատները, որոնց հետ Դուք պատրաստվում եք հանդիպել, չեն ներկայացնում Հայաստանի Հանրապետության քաղաքացու կամքը։ Խոսքը հատկապես վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը։
Մենք իրապես հավատում ենք, որ Դուք, լինելով ժողովրդավարական պետության ղեկավար, կդիտարկեք հայ ժողովրդի իրական պահանջները լսելու հնարավորությունը։ Արտաքին քաղաքականության և ներքաղաքական զարգացումների մասին հայերի կարծիքների ու մտահոգությունների վերաբերյալ անկողմնակալ և լիարժեք տեղեկություն ստանալու համար Ազգային ժողովի ընդդիմադիր երկու խմբակցությունների պատգամավորները ցանկություն են հայտնում անձամբ հանդիպել Ձեզ հետ, պարոն Նախագահ։
Հաշվի առնելով Ձեր հագեցած օրակարգը՝ մենք պատրաստ ենք Հայաստան այցի ընթացքում հանդիպել Ձեզ հետ ցանկացած ժամի և ցանկացած վայրում՝ լինի Հայաստանում Լիտվայի դեսպանատունը, թե Ֆրանսիայի հրապարակը կամ որևէ այլ տեղ։
Հանդիպելով մեզ հետ՝ Դուք հնարավորություն կունենաք ականջալուր լինելու գրեթե մեկ ամիս Երևանի կենտրոնում բողոքի ցույցեր անցկացնող հարյուր-հազարավոր հայերի ցանկությանը ու պահանջներին։ Հնարավորություն կունենաք տեսնել Ֆրանսիայի հրապարակում տեղադրված վրանային քաղաքը։
«Դիմադրություն» համահայկական շարժման անունից հանդիպմանը կմասնակցեն ԱԺ ընդդիմադիր պատգամավորներ Իշխան Սաղաթելյանը, Արթուր Վանեցյանը, Հայկ Մամիջանյանը և Արամ Վարդևանյանը։
Մենք լիովին համոզված ենք, որ ԵՄ անդամ հանդիսացող պետության ղեկավարը չի արդարացնի Նիկոլ Փաշինյանի հրահանգով սեփական երկրի քաղաքացիների նկատմամբ կիրառվող ոստիկանական վայրագությունները և չի մերժի մեր խնդրանքը։
Մենք կիսում ենք ժողովրդավարության և մարդու իրավունքների հանդեպ նույն արժեքները, և շարժման ներկայացուցիչների հետ Ձեր հանդիպման բուն փաստը ևս մեկ անգամ կընդգծի ապագայի հանդեպ մեր ընդհանուր տեսլականի կարևորությունը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր