ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+26 °C
ԱԺԲ-ն դիմում է ՀՀ-ում ԱՄՆ և Ֆրանսիայի դեսպաններին
19:30, 18.05.2022 | mamul.am
4520 | 0

Ազգային-Ժողովրդավարական բևեռը հայտարարություն է տարածել․ «Բերձորի հայաթափումը Արցախի հայաթափման նախերգանքն է
Ադրբեջանը, հետևողականորեն շարունակելով Արցախն ամբողջությամբ կլանելու և էթնիկ զտման ենթարկելու իր քաղաքականությունը, արագացված տեմպերով կառուցում է Բերձորի միջանցքով անցնող այնպիսի այլընտրանքային երթուղի (Կոռնիձոր-Լիսագոր) ունեցող ճանապարհ, որը շրջանցում է միջանցքում գտնվող հայաբնակ Բերձոր քաղաքը և Աղավնո գյուղը։
Երկրորդ կարծիք լինել չի կարող, որ դրանից հետո այդ բնակավայրերի բնակչությունը կտեղահանվի բռնի կերպով կամ անխուսափելի բռնության սպառնալիքի ազդեցությամբ։
Այս նպատակի համատեքստում ս.թ. մայիսի 16-ին զինված ադրբեջանցիներն այսպես կոչված ռուսական խաղաղապահների հետ համաձայնաբար ու նրանց ուղեկցությամբ փորձել են էլեկտրականություն անցկացնել Աղավնո գյուղի տարածքով դեպի Արցախի զավթած բնակավայրեր, ինչի շնորհիվ գյուղն իրենց համար կդառնար սպասարկման գոտի, ըստ այդմ` մատչելի ու խոցելի։
Ադրբեջանցիների այս ապօրինի նախաձեռնությունն առայժմ խափանվել է Աղավնոյի հայ բնակչության միահամուռ բողոքի շնորհիվ։ Սակայն ակնհայտ է, որ Ալիևը և Պուտինը չեն հրաժարվելու իրենց հանցավոր պլանի իրագործումից։
Ալիևը շտապում է մինչ տարածաշրջանից իր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի անխուսափելի հեռացումը պայմաններ ու նախադրյալներ ստեղծել միջանցքի նկատմամբ վերահսկողություն հաստատելու համար։
Ազգային-ժողովրդավարական բևեռը դիմում է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի դեսպաններին` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ներկայացուցիչների, խնդրելով նրանց անհապաղ միջամտությունը էթնիկ զտման անմիջական ու իրական վտանգի ենթակա Բերձոր քաղաքի և Աղավնո գյուղի հայ բնակիչների տեղահանումը կանխելու նպատակով այդ բնակավայրերը շրջանցող ճանապարհի կառուցումն ու հետագա շահագործումը թույլ չտալու հարցում»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր