ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Մարզերում համակարգային լուծումներ չկան». Լևոն Բարսեղյան
13:30, 19.05.2022 | mamul.am
2170 | 0

«Ասպարեզ» մամուլի ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը գրում է. «Հայաստանին հրատապ պետք է.

1. Համաչափ զարգացման խթանում, արմատական փոփոխություններ իրավակարգավորումներում, որ համաչափ զարգացում լինի, շնչին ընկնող համայնքային բյուջեն բոլոր համայնքներում իրարից չտարբերվի ավելի քան 10 տոկոսով: Հատուկ խոցված և ռիսկայի տարածքներում (սահմանամերձ, բարձրլեռնային, անօթևանության ընդգծված բարձր ցուցանիշներով, հանքահենական խոցումներ ունեցող և այլն) հատուկ և նպատակային ծրագրերի և ֆինանսավորման ապահովմամբ: Արդյունքում մայրաքաղաքի բնակչությունը չի աճելու կամ դանդաղ է աճելու, և աճելու ու վերականգնվելու են դատարկվող համայնքները: Մարզերի, գյուղերի դատարկումը դեռ սովետից սկսված ու վերջին տասնամյակներում շարունակված զարհուրելի հարված է երկրին: Այս մասին շատ է գրվել խոսվել, ճառվել, բոլոր իշխանությունները պարբերաբար իրենց ծրագրերում «համաչափ զարգացում» են գրել ու խոսել, սակայն դա այդպես էլ տեղի չի ունեցել. վերցրեք բնակչության շարժի պաշտոնական թվերն ուսումնասիրեք, կտեսնեք, թե ինչպես է հյուծվել Հայաստանը և չաղացել մայրաքաղաքը, էդ չաղանալն էլ հենց մայրաքաղաքին տարբեր չարիքներ է բերել:

Համաչափ զարգացում ասելիս նկատի չունեմ գյուղերում այստեղ-այնտեղ դպրոց ու մանկապարտեզ շինելը, որտեղ երեխաների թիվը շարունակ պիտի նվազի և դրանք դառնան անպիտան, այլ համայնքների և մարզերի ֆինանսավորման բանաձևերի և մեխանիզմների արմատական վերանայումը նկատի ունեմ, այնպես, որ Հայաստանի ցանկացած կետում ծնվող երեխան համահավասար հնարավորություն ունենա կրթության և առաջընթացի, աշխատանքի և ինքնաիրացման, ոչ թե 3-7 առարկա ուսում ստանա մեկ մանկավարժից, մանկապարտեզ չգնա, որովհետև գյուղում մանկապարտեզ չկա, կա՛մ ծնողն ուսման վարձի փող չունի, կա՛մ ելնի գնա քաղաք, կա՛մ մայրաքաղաք՝ գործ ճարի, որ տուն պահի, հետո ընտանիքը տանի քաղաք ... :

Այն ինչ անհամաչափ զարգացման հետևանքով ստացվել է մեր երկրում, ակամա (կամ դիտավոր) խտրականություն է, հանրային զատում, ինչը շատ թանկ է նստել և նստում երկրի վրա: Այս մասին ես խոսում ու գրում եմ արդեն շատ երկար ժամանակ, և՛ նախկին, և՛ գործող իշխանություններին ասել եմ առերես, հրապարակավ և փակ խոսակցություններում, գրավոր էլ եմ ուղարկել: Առայժմ տեսնու եմ կետային ներարկումներ մարզերում և համայնքներում, համակարգային վերանայում և համակարգային լուծումներ չկան:

Շարունակելի»:

Աղբյուրը` Լևոն Բարսեղյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր