ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Չի կարելի ասել, թե Հայաստանում հասարակագիտություն չկա». Կարպիս Փաշոյան
03:12, 20.05.2022 | mamul.am
3176 | 1

Հրապարակախոս Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Տարբեր մարդիկ տարբեր առիթներով բողոքում են, թե Հայաստանում հասարակագիտություն չկա, պատմագիտական, մշակութաբանական, փիլիսոփայական, գրականագիտական, սոցիոլոգիական լուրջ աշխատանքներ չեն գրվում և այսպես շարունակ։ Փոխարենն այդ նույն մարդիկ պարբերաբար շեշտադրում և ընդգծում են հակագիտական խեղկատակությունը՝ վերագրելով դա ամբողջ ակադեմիական միջավայրին։
Իրականում հասարակագիտության բնագավառում շատ լուրջ խնդիրներ կան, ֆինանսավորումը քիչ է, աշխատավարձերը ցածր են, կրթության որակը բավականին անմխիթար է, բայց, այնուամենայնիվ չի կարելի ասել, թե Հայաստանում հասարակագիտություն չկա, ոչինչ չի արվում, չի գրվում։
Վերջին տարիներին Հայաստանում սոցիոլոգների, մշակութաբանների, ազգագրագետների, հնագետների, պատմաբանների, արևելագետների բավականին պատրաստված սերունդ է մեծացել, որոնք միգուցե քիչ, բայց այնուամենայնիվ ինչ-որ մի բան գրում են, որը վստահաբար արժևորման անհրաժեշտություն ունի։ Բայց չգիտես ինչու էս ամենը աննկատ է և արհամարհված։ Շատ քչերն են հետևում հայկական գիտական ամսագրերին, հանդիպելիս էլ թերագնահատում են, քանի որ նորաձևության պարտադրանքով հայալեզու տեքստերին միշտ կասկածամտորեն են վերաբերվում։
Տիրապետող է նաև այն միֆը, թե մեր հասարակագիտությունը պարտադիր կերպով գտնվում է կղերականության կամ էլ նացիոնալիզմի ճիրաններում։ Միգուցե մի ժամանակ էդպես է եղել, միգուցե հիմա էլ կողմնակի այդ ազդեցությունները ներկա են, բայց, այնուամենայնիվ, շատ բան է փոխվել․ մեր գիտնականների համար հասանելի է դարձել անգլերեն, ֆրանսերեն և գերմաներեն գիտական գրականությունը, ինչը չէր կարող էական փոփոխություններ չմտցնել»։

Աղբյուրը` Կարպիս Փաշոյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր