ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 406.28, EUR 415.50, RUB 6.72, GBP 491.88
+22 °C, +21 °C ... +34 °C Վաղը`+36 °C
ՀՅԴ ԳՄ հայտարարությունը
17:42, 21.05.2022 | mamul.am
3311 | 1

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հայտարարություն է տարածել․ «Հայաստանի օրվա իշխանությունն իր անփառունակ գոյությունը պահպանելու համար դիմում է տմարդի բոլոր միջոցների: Անբարո և հակաիրավական մեթոդներով լայնածավալ հարձակում է կազմակերպել Արցախի հայաթափման և Հայաստանի թրքացման դեմ Հայաստանի Հանրապետությունում, Արցախում և Սփյուռքում ձևավորված դիմադրության շարժման նկատմամբ: Կեղծ օրինանակության շղարշով քողարկելով իր հակապետական և հակաժողովրդավարական գործելակերպը, իրավապահ համակարգը թիրախավորել է շարժման մեջ դերակատարում ունեցող ուժերին ու անձանց, հայրենիքի համար իրենց կյանքը չխնայած, հաշմանդամ դարձած բազմաթիվ հայորդիներին և նրանց հարազատներին:

Տասնակ ձերբակալումներն ու կալանավորումները, բռնության կիրառման բազմաթիվ դեպքերը, այդ թվում՝ Ազգային ժողովի պատգամավորների և անչափահաս քաղաքացիների նկատմամբ, հազարավոր ապօրինի բերման ենթարկելու դեպքերը փաստում են, որ մեկ անձի դիկտատուրական հակումների բավարարման համար իրավապահ համակարգը գործադրում է իր բոլոր ճիգերը՝ խախտելով անգամ իրավունքի և բարոյականության նվազագույն պահանջները: Վերջիններս առանձնակի ցինիկությամբ հարձակվել են դիմադրության շարժման առանցքային ուժերից Հայ Յեղափոխական Դաշնակցության վրա: Ապօրինի հարուցվող բազմաթիվ քրեական գործերը, կուսակցության գրասենյակների, անդամների և համակիրների բնակարաններում իրակացվող խուզարկությունները, տասնակների հասնող հարցաքննությունները, ձերբակալությունները, քաղաքական կալանավորումները փաստում են ազգադավ իշխանության մոտալուտ իշխանազրկման վախն ու սարսափը:

132 տարվա ընթացքում ՀՅԴ-ն բազմաթիվ զրկանքներ ու բանտեր է տեսել, թշնամիների և դավաճանների է դիմագրավել, չի ընկրկել, հաղթահարել է բոլոր դժվարությունները, կանգնած է եղել Հայոց պետականության կերտման և ամրացման ակունքներում: Սա մի հերթական փորձությունն է, որն աներկբա կհաղթահարի և կկերտի Հայաստանի և Արցախի, Հայոց պետականության նոր արշալույս:

Բոլորի ուշադրությունը հրավիրելով Դաշնակցության նկատմամբ օրվա իշխանության կողմից իրականացվող քաղաքական հալածանքների նոր թափի մասին՝ գուշացնում ենք Հայաստանի Սահմանադրությունն ու օրենքները ոտնակոխ անող իշխանության և նրա կամակատար բոլոր անձանց. օրենքների ողջ խստությամբ պատասխանատվության պահը մոտ է»:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր