ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +9 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Իրանը կանգնած է ճակատագրական դիլեմայի առջև». Արթուր Դանիելյան
23:36, 22.05.2022 | mamul.am
5984 | 1

«Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի պատմական օրինաչափություն կա՝ բոլոր մեծ տերությունները ստեղծվել են ռազմականացման հողի վրա, բայց ողջ են մնացել նրանք, ովքեր որոշակի փուլում կտրուկ զսպել են ռազմական էլիտայի ազդեցությունը:
Օսմանյան կայսրությունը կայսրություն դարձավ ենիչերների շնորհիվ, բայց այդ ենիչերներն էին պատճառը, որ բարեփոխումները տապալվում էին, իսկ կայսրության մայրամուտի ժամանակ բազմաթիվ արտոնություններ ունեցող ենիչերու «ուդոն» վաճառում էին բազարներում:
Սովետական կայսրությունը նույնպես կայացավ երկրորդ համաշխարհայինում հաղթանակի հողի վրա, սակայն, հենց այդ հաղթանակը ապահոված գեներալիտետն արգելակեց երկրի զարգացումը` բոլոր ռեսուրսներն ուղղելով սպառազինության մրցավազքին, որի մեջ նրանք դատապարտված էին պարտվել լիբերալ արևմուտքին: Զուր չէ, որ պատերազմից անմիջապես հետո չեկիստները, բնական է` Ստալինի հրահանգով, հատուկ օպերացիա են մշակում մարշալ Ժուկովին գծերից գցելու համար: Մեր «տուշոնկա» օպերացիային իդենտիկ մի գործողություն են իրականացնում, որի արդյունքում անվարկաբեկելի թվացող Ժուկովին հեռացնում են հանրային ասպարեզից:
Ժուկովը դա, իհարկե, չմոռացավ և, ըստ էության, դարձավ հակաստալինյան դավադրության հենասյունը: Ստալինի սպանությունից հետո հենց բանակը շրջափակեց Մոսկվան ու բոլոր ռազմավարական օբյեկտները և անձամբ Ժուկովի հսկողությամբ արագի մեջ գնդակահարեցին սովետի գլխավոր լիբերալ Բերիային: Բերիան բացի գլխավոր չեկիստը լինելուց, ղեկավարում էր նաև սովետական գիտահետազոտական գլխավոր պրոյեկտները` միջուկային զենքից ու տիեզերագնացությունից մինչև համակարգչային նորարարություններ: Հենց Բերիայի թողած ժառանգությամբ էր որ Սովետը մինչև 70-ականների վերջ ԱՄՆ-ի հետ համադրելի տեխնոլոգիական պոտենցիալ ուներ: Պոտենցիալ, որն աստիճանաբար մսխվեց սամոդուր գեներալների կողմից, ովքեր, ընդհուպ մինչև Սովետի փլուզումը, պատրաստվում էին երկու շաբաթում Լիսաբոն «մտնել»: Սակայն, երբ պայմանական «Լիսաբոնը» քանդեց Սովետը, նրանք նույնիսկ չէին ջոգել` ինչ է կատարվում:
Նույն սովետական գեներալիտետի մտածողության ժառանգությունն էր Ռուսաստանի անփառունակ հարձակումը Ուկրաինայի վրա: Սակայն տվյալ դեպքում սա արդեն ոչ թե վաղուց կազմաքանդված Սովետի տապալումն էր, այլ մեկ այլ գերինքնավստահ տերության՝ Չինաստանի:
Չինաստանի ղեկավար Սի Ձինպինն իր քաղաքական կարիերան սկսել է 1979 թվականից Չինաստանի զինված ուժերի գլխավոր շտաբում: 1982-ին նա արդեն, իր հոր համակիր, պաշտպանության նախարար Գեն Բյաոյի քարտուղարն էր, ու համարվում է, որ հենց Չինաստանի զինված ուժերն են Սի Ձինպինի հենարանը: Զինված ուժեր, որոնք Չինաստանի հետ միասին թռիչքաձև զարգացան` Դեն Սյաոպինի և այլ լիբերալների բարեփոխումների և Չինաստանի ժողովրդի աշխատասիրության շնորհիվ: Այս թռիչքաձև զարգացումն օրինաչափորեն հանգեցրեց նրան, որ ժողովրդի աշխատասիրությունը սկսեց նվազել, հետն էլ հենց բուն ժողովուրդը: 2014 թվականին Չինաստանում դադարեց աճել երիտասարդ բնակչության քանակը: Սրա մասին իհարկե հայտնի էր վաղուց և այս խնդիրը գոյաբանական էր Չինաստանի համար:
Լուծման շուրջ ծագած ներքին հակամարտությունների արդյունքում լիբերալներին հաղթեց ռազմական էլիտան և իշխանության բերեց Սի Ձինպինին, ով պետք է իրագործեր խնդրի լուծման բանաձևը: Եթե լիբերալներն առաջարկում էին արագացնել տնտեսության և պետության ազատականացումը, որպեսզի նվազող աշխատուժին կոմպենսացնի աճող արտադրողականությունը, ապա պահպանողականները պնդում էին, որ պետք է ոչ թե երկիրը ապականել անիծյալ լիբերալիզմով, այլ ընդամենը մարտահրավեր նետել աշխարհի հեգեմոնին ու կրել: Քանի որ աշխարհի հեգեմոնի հեգեմոնիան ծնվել է և մինչ օրս խարսխվում է ծովային գերակայության վրա, նրանք որոշեցին կառուցել ծովին այլընտրանք հանդիսացող ցամաքային առևտրի ճանապարհներ, որոնք կկապեին Չինաստանը Եվրոպային:
Հիշյալ ճանապարհն ուներ երեք երթուղի՝ Ռուսաստանով, Կովկասով ու Մերձավոր Արևելքով: Բնական է ամենակայունն ու հարմարը համարվում էր ռուսական ուղին, որտեղ սակայն կար մի փոքրիկ պրոբլեմ՝ Ուկրաինան: Նստին, հաշվեցին, ծանր ու թեթև արին ու որոշեցին, որ Ռուսաստանը մի երեք օրում Ուկրաինան կվերցնի, արագի մեջ «դենացիֆիկացիա» կանի ու սաղ աշխարհին փաստի առաջ կկանգնեցնի: Էդ խլացուցիչ հաղթանակից հետո Թայվանը կվերցնեին, հետո էլ ողջ խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը: Կոպիտ ասած՝ «Լիսաբոնը երկու շաբաթում» փաթեթ էին մշակել: Ու հանուն արդարության ասեմ, որ եթե իրոք ՌԴ-ն երեք օրում Կիևում իշխանություն փոխեր, ապա աշխարհը չէր էլ հասցնի ռեակցիա տար:
Չկպավ: «Լիսաբոնի» փոխարեն Չինաստանն ստացավ շատ խարխուլ իրավիաճակով Ռուսաստան, կորսված Պակիստան ու շուտով նաև՝ Աֆղանստան, հաբռգող Հնդկաստան, ու այս ամենի վրա շատ արդյունավետ խաղացող` Իրան: Կովկասն էլ, դե ինչպես տեսնում ենք, ամբողջովին անցնում է Ամերիկայի հսկողության տակ: Ու եթե ինչ-որ մեկը հանկարծ փորձի միջուկայինով սպառնալ, ապա կապիկների ջրծաղիկին կհետևի կոկորդիլոսների լուծը, բեգեմոտների կարմրուկը, դինոզավրերի ատամհատիկն ու տենց...
Այս ձախողված հաշվարկների հիմքում բազմաթիվ գործոններ կան իհարկե, սակայն, ըստ իս, կարևորագույնն այն փաստն է, որ երբ բրիտանացիք 500 տարի առաջ գրավում էին աշխարհը, դա իրականում անում էր Օստ-Հնդկական Կոմպանիան բրիտանական բանակի օգնությամբ, ոչ թե բանակը կոմպանիայի օգնությամբ: Ու դե պետք է նշել, որ անգլոսաքսերը եղել են ու մինչ օրս կան աշխարհի ամենապահպանողական հասարակությունները:
Հ.Գ. Ուշագրավ է, որ հենց հիմա Իրանը կանգնած է ճակատագրական դիլեմայի առջև՝ կամ զսպել ՀՊԿ-ն (Հեղափոխության Պահապանների Կորպուսը) և բռնել բարեփոխումների ճանապարհը, կամ տապալել արևմուտքի հետ բանակցային գործընթացը ՀՊԿ-ին ահաբեկչական կազմակերպությունների ցանկից չհեռացնելու պատճառով: Ու քանի որ ՀՊԿ-ի թերթերը սկսել են գրել Իրանում սրվող սոցիալական վիճակի մասին, կարելի է եզրակացնել, որ Այաթոլան ընտրել է բարեփոխումների ճանապարհը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր